1916
<ԳԵՂԱՐՎԵՍՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈԻՆԻ>
Ես շատ եմ զարմանում մեր Գևորգի (Բաշինջաղյանի) բռնած դիրքի և այսօրվա ժողովից բացակա լինելու վրա։ Նա ասում է թե՝ «գեղարվեստը հայրենիք չունի», ես ուզում եմ շուռ տալ նրա այդ նախադասությունը, իսկ «Հայրենիքը գեղարվեստ ունի՞»։ Իհարկե, ամեն հայրենիք ունի իր ուրույն արվեստը և չի կարող չունենալ, ինչպես որ ամեն ժողովուրդ ունի իր գրականությունը, իր ֆոլկլորը։ Յուրաքանչյուր ազգի և ժողովրդի մեջ ուրույն կերպով է զարգանում և ծավալվում գեղարվեստի այս կամ այն ճյուղը, և դա է, որ որոշում է նրա կուլտուրայի աստիճանը և կենցաղի առանձնահատկությունը։ Մենք պետք է խրախուսենք մեր արվեստի զարգացմանը նպաստող ամեն մի ձեռնարկություն, ներկա դեպքում «Հայ արվեստագետների միության» հանդես գալը։ Մեր ազգի մեջ այս դառն օրերին,— շարունակեց ճառախոսը,— ես նկատում եմ մի տեսակ ինքնաճանաչում, ինքնագնահատում, սթափություն, և այդ շատ մեծ երևույթ է մեր կենսունակության համար։ Սրտառուչ է մանավանդ այն հանգամանքը, որ այս ընկերության հիմնադիր անդամների թվում մենք տեսնում ենք, այսպես ասած, «գաղթական» նկարիչներ, որոնց նկարները, ով գիտե, դեռ պատերազմի դաշտում ու ճանապարհներին են ընկած։ Ուրեմն՝ ողջունելով մեր ժողովրդի կենսունակությունը, ողջունում եմ այս նոր ընկերության երևան գալը, որը մեծ աշխատանք ունի կատարելու մեր հայրենիքի գեղարվեստի զարգացմանը նպաստելու գործում։
Գեղարվեստը հայրենիք ունի։