Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/599

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսվել են 1912 սկզբին։ Նախ Հայոց հրատարակչական ընկերությունը որոշել է տոնել տպագրության 400-ամյակը և այդ կապակցությամբ ընտրել է հոբելյանական հանձնաժողով Լեոյի և բժիշկ Ա. Զարգարյանի ղեկավարությամբ։ Ապա կաթողիկոսի առաջարկությամբ 1912 թ. հոկտեմբերի սկզբներին ընտրվել է 40 հոգուց բաղկացած հոբելյանական նոր հանձնաժողով՝ տոնելու համար ոչ միայն տպագրության 400, այլև հայ գրերի գյուտի 1500-ամյակը։ Սուր տարաձայնություններ են եղել այս երկու հանձնաժողովների միջև հատկապես տոնակատարության ժամանակի և գրական ու դպրոցական ֆոնդեր ստեղծելու հարցերի կապակցությամբ։ Երկրորդ հանձնաժողովը, որի նախագահն է եղել Հ. Առաքելյանը, ընդունելով կաթողիկոսարանի առաջարկը, ծրագրել է հոբելյանը կատարել Թարգմանչաց տոնի օրը՝ հոկտեմբերի 13-ին և հիմնել դպրոցական ֆոնդ։ Մինչդեռ առաջին հանձնաժողովը, որին բանտից ազատվելուց հետո ակտիվորեն մասնակցել է Թումանյանը, առաջարկել է տոնակատարությունն անցկացնել նոյեմբերի 25-26-ին և բացի դպրոցական ֆոնդից ստեղծել նոր գրական ֆոնդ։ Այս տարաձայնությունների հետևանքով ձախողվել են գրական ֆոնդ ստեղծելու ճիգերը։ Ինչ վերաբերում է տոնակատարությանը, ապա այն սկսվել է 1912 թ. հոկտեմբերի 13-ին՝ Էջմիածնում տեղի ունեցած հանդեսով, որին ներկա են եղել նաև Ռուսաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և այլ հայաբնակ վայրերից ժամանած հյուրեր, և մի ամբողջ տարի տևելով ավարտվել է 1913 թ. հոկտեմբերի 13-ին։


«ՀՈՎԻՏԻ» Ս. Հ.-Ի ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆԻ ԱՌԻԹՈՎ

(էջ 52)

Տպագրվել է Հր, 1913, 3 մայիսի, № 95, այնուհետև՝ ԹՔ. էջ 250-252, ԵԺ IV, 253—255։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի Ռ. Դրամբյանի «Գրական մեծությունները բանագող» հոդվածը՝ տպագրված Մշ, 1909, 28 հուլիսի, № 162-ում։

2 Խոսքն իր «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածի մասին է (տե՛ս սույն հրատարակություն, հ․ 6, էջ 160)։

3 Թումանյանի վերը հիշատակված հոդվածում կարդում ենք․ «Ամեն ազնիվ ու գեղեցիկ գործի չարախոս ու չարակամ Դրամբյան, և ավաղ, անվերջ, անմահ Դրամբյան»։

4 Ս. Հ.-ի (Սիմեոն Համալյանի) հոդվածը վերնագրված է «Հովհ. Թումանյանի «Գառնիկ ախպերը») տե՛ս «Հովիտ», 1913, 28 ապրիլի, № 16)։