Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է։ Բայց երբ սուտ ես ասում, խաբում ես, զրպարտում ես ու թաքնվում, անունդ կեղծում, երեսդ ծածկում, էդ պարզ անբարոյականություն է։ Արդ, ո՞վ է էս «Շ»-ն, որ մեջտեղը սուտ է ասել ու ինքը չքացել, մտել «Շ»-ի տակ։ Ի՞նչ իմանաք։

Դեպք է եղել, որ «Մշակի» «Շ»-երից մեկի համար պարոն Շիրինյանի օձիքն են բռնել։ Նա՝ մարդը, հայտարարեց, որ ինքը չի։ Ես համոզված եմ, որ էս «Շ»-ն էլ նա չի։ Հապա ո՞վ է։ Շահրիա՞րը, Շավա՞րշը, Շառա՞յլը, վերջապես ո՞ր «Շ»-ն։

Որ «Շ»-ն էլ որ լինի, ինչ որ ասում է, տակիցը մինչև գլուխ սուտ է ասում։

Թիֆլիսի (նոր) հանձնաժողովը դպրոցական ֆոնդի համար դեռ ոչ մի դիմում չի արել։ Մինչև էսօր ինչ գումարներ ստացվել են, ստացվել են առանց դիմումի։ Թե Զարգարյան-Վարդազարյան և ընկ., թե պարոն Ա. Մելիք-Ազարյան և թե Տեր-Պետրոսյան երեխաները բոլորն էլ ղրկել են իրենք ինքնաբերաբար։ Հանձնաժողովը նրանց ոչ մեկի մոտ չի գնացել, մատյան չի առաջարկել և ոչ էլ հորդորել է, թե էսքան էլ տվեք գրական ֆոնդին, ինչպես գրում է «Մշակի» «Շ»-ն։

Զարգարյան-Վարդազարյան և ընկ. իրենք են որոշել ու հատկացրել 500 ռուբլի դպրոցական ֆոնդին, 500 գրական ֆոնդին։ Պարոն Ալ. Մելիք-Ազարյանը առանց իրեն դիմելու, ինքն է որոշել ու հատկացրել հազար ռուբլի դպրոցական ֆոնդին և հազար ռուբլի գրական ֆոնդին։ Դպրոցական ֆոնդին տալուց հետո նա ինքն է ասել. «Բայց ես գրական ֆոնդին էլ եմ համակրում, և մինչև անգամ ավելի համակրում եմ գրական ֆոնդին, և որոշել եմ երկուսին էլ մասնակցել հավասար կերպով»։

Եվ հանձնաժողովի գործունեությունը, որ դեռ նոր է սկսում, չի եղել «կես խլուրդային», ինչպես չարախոսում է «Մշակի» «Շ»-ն, այլ պարզ, աշկարա, և ամեն շաբաթ տպվում են նրա որոշումները մամուլի մեջ։ Միայն «Մշակն» է, որ չի տպում։ Ինչպես չտպեց և էն լուրը, թե Մելիք-Ազարյանը