Սակայն չնայելով այդ ճշմարտության ակներև լինելուն, — որովհետև ոչ ոք, գոնե հրապարակորեն չէ հակառակել այդ մտքին, ― այնուամենայնիվ մենք մնացել ենք նույնը, կամ շատ քիչ ենք առաջ գնացել այդ ուղղությամբ, ուստի դժբախտաբար հարցր միշտ պահպանել է իր թարմությունը։
Կովկասյան բոլոր ցեղերը որքա՜ն չարիքներ են տեսել այս անծանոթության շնորհիվ և մինչև օրս էլ որքան վնասներ են կրում այդ անիծյալ հարցի երեսից։ Մի՞թե կարիք կա մեկ֊ մեկ հիշելու հենց թեկուզ վերջին տարիների մեկը մյուսին հաջորդող դժբախտությունները, որոնք առատության եղջյուրից թափվում էին փոխադարձաբար կովկասցիներից կովկասցիների գլխին։
Մի քանի օր առաջ Շիրվանզադեն նորից արծարծեց այդ հարցրը 1, որն անմիջապես արձագանք գտավ մեր հարևան վրացիների մեջ: Այսօրվա «Թուրք մամուլի շուրջը» «Գյունաշ» լրագրից բերված կտորը նույնպես ցույց է տալիս, որ հարցը դեռ հնացած չէ և կարիք ունի արծարծվելու2։
Սակայն ի՞նչ նշանակություն ունի հարցր արծարծելը միայն, երբ գործնական քայլեր չեն արվում կամ շատ քիչ են արվում ազգություններին միմյանց ավելի ու ավելի մոտեցնելու համար։
Պատմական բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ տգետ, գռեհիկ, անգրագետ համարված գյուղացիք, որոնց շատ-շատ բարձրից է նայում ինտելիգենցիան, ավելի են ճանաչում միմյանց, քան ինտելիգենտները։ Այդ մոտիկության անհրաժեշտությունը կարծես ամենքը չեն ընդունում, բուռն ցանկությունը գործնական քայլեր է առնում միայն սակավաթիվ մարդկանց մեջ։
Այսօր «Գյունաշ» լրագիրը հիշելով, որ իրենց ամենաառաջնակարգ դրամատուրգ Միրզա֊Ֆաթալի Ախունդովը իր կոմեդիաների մեջ հայկական տիպեր է տալիս, կամ իրենք ներկայացնում են հայերենից թարգմանված վոգևիլ, կարծես մեղադրում է հայ մամուլին ու ինտելիգենցիային, որ նույն ուղիով չեն ընթանում3։