Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անմոռաց կմնան, որովհետև բանը տված 50, 100 կամ 500 ռուբլին չի, այլ այն զգացմունքն ու վերաբերմունքը, որ ավելի թանկ են ամեն գումարից և ավելի մեծ շե՜նք են կառուցանում, քան մի ծխական դպրոցի շենքն է, մի ջրանցք կամ մի որբանոց։

Սրանք ճշմարիտ իրական քայլեր են սեր ու եղբայրություն հաստատելու մեր՝ անսիրությունից ու ատելությունից տանջված երկրում և ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ արձանագրում ենք առանձին հաճույքով։

5.<ԵԹԵ ՄԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՈԻՄ․․․>

Թիֆլիս, 4 հունվարի

Եթե մի պատվավոր ընտանիքում, մի պատկառելի շըրջանում որևէ մեկը համարձակվի անկարգ պահել իրեն, հայհոյել, խաբել, սուտ խոսել, գողանալ՝ ինչ կասկած, որ այնպիսի մարդուն դուրս կվռնդեն իրենց միջից, կհասկացնեն իր տեղը։

Այդ անհրաժեշտ է, ոչ թե միայն նրա համար, որ անարգ մարդը պատժվի, այլև նրա համար, որ պատվի զգացմունքը մնա բարձր ու կենդանի, որ ազնվություն ու մաքրություն ասված առաքինությունները մնան առողջ ու անձեռնմխելի։ Եվ հեշտ չի կարելի խաղալ այսպիսի շրջանների հետ ու ամեն մի արկածախնդիր սիրտ չի անիլ ներս մտնի այսպիսի տեղեր ու արձակ—համարձակ փռի իր ստոր ընդունակությունները։

Այսպես պիտի լինի րնտանիքբ, այսպես պիտի լինի շրջանը, այսպես պիտի լինի և հասարակությունը։

Դժբախտաբար այն հանգամանքը, որ զանազան վատ մարդիկ երկար տարիներով կարողանում են հարստահարել մեր հասարակության հավատն ու գրպանը ու շարունակ էլ մնում են նույն տգեղ գործի վրա, այս հանգամանքն, ասում ենք, տխուր մտածությունների առիթ է տալիս։