Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

« Ապա առանձին գրված էր և վարդապետների և քահանաների մի ցուցակ, որոնց մեջ բացի Բագրատ, Ընձակ վարդապետներից և Մ. Մարաիրոսյան ու Սառիկյան քահանայից՝ ոչ ոքի չճանաչեցի, որովհետև բոլորը ինձ անհայտ գյուղացի քահանաներ էին»։

Երկու տող հետո Հ. Առաքելյանը, մոռանալով, որ ասել է, թե շատերին իսպառ չէ ճանաչում, գրում է, թե բոլոր առաջադրվածները միևնույն հոսանքի և ուղղության մարդիկ են, որ նշանակում է, թե «ավագ խմբագիրը» ամենայն հեշտությամբ խարդախում է իրան միանգամայն անծանոթ փաստերն անգամ:

..․Բայց Պոլսի «ովսաննաների» մեջ մինչև երկինք բարձրացած «ավագ խմբագրի» փորացավը այդ անհայտ մարդիկ չեն: Ցուցակի մեջ նա տեսել է, ո՛հ սարսափ, — և «Հորիզոնի» մի քանի աշխատակիցների անունները։ Այս հո բավական էր, որ խելքից ու հավասարակշռությունից հաներ Պոլսի փողոցներում իրան ուռցրած պստիկ մարդուն:

Եվ նա հրա―հանդում է կրտսեր խմբագրին: «Հորիզոնը» մինչև այժմ չէ զբաղվել կաթողիկոսական հարցով: Հիմա, երբ ցուցակի՝ մեջ են և նրա աշխատակիցներր, նշանակում է, թե «մարդիկ խլուրդային գործունեություն ունեն կաթողիկոսական հարցի վերաբերմամբ»: Այսինքն, իրանք լռել, բայց ցուցակներ են կազմում կամ կազմել են տալիս և ուղարկում Մանկունուն։

Տեսա՞ք ինչու խարդախության հերոսը թաքցնում է, թե ով է եղել Մանկունուն ցուցակ ուղարկողը:

Հետո «ավագ խմբագիրը» ավելի առաջ է գնում և ասում է թե «այդ նույն ցուցակի համար արդեն մի որոշ խմբակցություն գավառներում պրոպագանդա է մղում», և հայտարարվում է, թե այդ անձանց ընտրելիներն են՝ «Դուրյան սրբԽզան և Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյան»: Նշանակում է, որ «Հորիզոնի» աշխատակիցները դնում են Մուրադբեկյանի թեկնածությունը։ Մինչդեռ «Հորիզոնի» № 199 ֊ի մեջ է, որ նրա գլխավոր աշխատակից Հովհ. Թումանյանը գրում էր. *Խորեն սրբազանր, չնայելով իր համակրելի նկարագրին, այնքան է նոր և երիտասարդ, որ նույնիսկ իր թեկնածությունը անհարմար է համարում»։