Ֆիլիպն իրան ձեռնհաս և հարմար չի համարում քոապահովության գործի գլուխն անցնելու համար1, մանավանդ այժմ, երբ Պռոշյանցն էլ պատրաստվում է յուր 35-ամյակը տոնելու2։
Առայժմ մանկական երգերդ են որոշված հրատարակելու, դրանց մասին դարձյալ մի որոշ բան գրիր3։ Ինքնակենսագրությունդ չէի կարող սրբագրել, որովհետև վաղուց տպված, վերջացած էր4, իսկ «Արություն և Մանվելը» արդեն պատրաստ է։ Տեր-Ղևոնդյանից 35 ռ. արդեն Բեկնազարյանցն ստացել էր, երբ ես դիմեցի։ Ի դեպ, Բեկնազարյանցն էլ յուր ինքնակենսագրությունն է գրում. անցյալ օրը մոտն էի, կարդացինք. վիպական ձևով է գրում5։
Շատ լավ էիր նկատել, թե «Մշակը» չանեն կոտրածի նման է խոսում. կարելի է ավելացնել` և խելքը կորցրածի։ Հովնանյան դպրոցի հարցը մի հանդիսավոր քայլ է, որ նա արավ դեպի ներքև. և առհասարակ խաղի մեջ տանուլ է տալիս, հոգի չկա, մարդ չկա6։ Մեր ժողովածուի համար մի ինքնուրույն բան ուղարկիր, հրապարակախոսություն չլինի, այդպիսի իրավունք չունենք7։
«Դաշնակներն» արդեն վերջացան, 2400 օր<ինակ> էինք տպել։
Ֆիլիպի ու Արասխանյանցի վեճի մասին ինչ կարծիք ունես. արդեն երկուսն էլ գրում են մեկը մյուսի պատմությունը, իսկ ես գուցե երկուսինը8։
Արասխանյանցը իմ վերաբերությամբ էլ պոզը փչել է այստեղ-այնտեղ (ուզում եմ սրա հաշիվն էլ տեսնել), իսկ այս անցյալները Բորիսին ասել է, թե դրա (իմ) համար մի լավ հոդված եմ գրելու, տաղանդը ցույց եմ տալու9։ Ես կարծում եմ մի բանաստեղծի համար Արասխանյանցի գովեստիցն էլ վատ վկայություն չի կարող լինել։
Կարծեմ արդեն գրել եմ, թե ինչպես Սպանդարի հոբելյանին Բաքվի պատգամավոր պսակաբերը մի օրիորդի տան (օր. Սողալյան) թքեց Արիստակես սրբազանի պատկերի վրա և, իհարկե, տանից արտաքսվեցավ10։