մահը սույն իսկ այս հասակում, հետևաբար ես տանող չեմ ոչ մի բռնություն, ոչ մի բարոյական ճնշում։ Ես թե որ ուզենամ մի գործ գործել՝ անպատճառ չպետք է հեռանամ հետո (ինչպես Դուք եք կարծում), քանի որ իմ կամքս է։ Եթե տեղիք տան վատություն անելու, գլխիս զորագնդեր էլ կանգնացնեն, ո՛չ ոքից վախենալու չեմ. խնդրում եմ լավ ուշադիր լինեք խոսքերիս։ Եթե գամ և միառմի պատմեմ և հետևանքը բացատրեմ, իրոք կզղջաք։ Դուք գիտեք. ոչ մեկը այդ խոսքերից օգուտ չէ բերում։ Միայն Ձեր հալովը չեք կենում։ Շատ բարև ծնողներիցս և բարեկամներից:
31 հոկտեմբերի 1889 ամի, ի Տփխիս
Չեմ կարող չխոստովանիլ, որ շատ ձանձրալի են ինձ համար այս օրերը, չնայելով, որ, իհարկե, միայնակ չեմ բոլորովին, ինչքա՜ն երկար են թվում ինձ այս ժամերը, այժմ ես զգում եմ հատկապես, որ ոչ ոք չէ կարող փոխարինել քեզ ինձ համար. զարմանալի բան, երազի նման եմ հիշում քո այստեղ եղած ժամերը։ Զգալի է դառնում ինձ համար քո բացակայությունը, մանավանդ, երբ վերադառնում եմ կոնսիստորիայից կամ երեկոյան տուն եմ գալիս։
Բարևիր մեր կողմից Մուշեղին, հայրիկին, մայրիկին, Գիգոլին և Կատոյին։ Շաքարն այստեղ է և խնդրում է, որ մեզ համար թեյ բերելիս իրան համար էլ մի երկու գրվանքա բերեք։
Գրիր, թե երբ եք գալու, որ գամ երկաթուղու կայարանը։