Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 8 9 7

100. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
1897, հունվարի 9, Թիֆլիս

Սիրելի Ֆիլիպ,

Երեկոյան ստացա քո նամակը1։ Թե ինչ ես եղել դու ինձ համար, այդ միայն մի մարդ գիտի, և այդ մարդն էլ ես եմ, իսկ ես չեմ ասում, թեև այժմ վայել էր խոսել այդ մասին։ Միայն այսքանը կասեմ, որ թշվառ հանգամանքները անխուսափելի էին դարձրել իմ կորուստը, երբ դու, կարծես մի նախախնամող զորության տնօրինությամբ, հայտնվեցիր և ինձ ազատեցիր թե ուրիշներից և թե ինձանից: Իհարկե, այս բոլորից դու ոչինչ չգիտես։ Բայց մինչև անգամ դու էլ կվկայես, եթե ես ասեմ, թե դու միակը եղար իմ կյանքում, որ սրտիդ մոտ առնելով իմ գրական հաջողութունը՝ միաժամանակ այնքան սրտացավությամբ հոգ տարար իմ նյութական վիճակն ապահովելու։ Այս ինձ պահեց մի հուսալի մակերևույթի վրա, որից ներքև քեզ անհայտ մի վիհ կար։

Այսպիսով, դու ինձ արդեն անց ես կացրել ինձ համար անտանելի մի տարածություն և հասցրել ես մի տեղ, ուր ես չէի հասնիլ առանց Ֆիլիպի, մի տեղ, որտեղից հետո ես էլ չեմ կորչիլ, և եթե այդ պատահի էլ՝ հեշտ չի պատահիլ։ Գալով քո նամակին, ես զարմանում եմ, որ դու գրում ես, թե ես կարող եմ քեզանից նեղանալ նպաստներդ ընդհատելու պատճառով։ Ճշմարիտն ասեմ, ես վաղուց, ամեն ժամ, երբ կարիքից ստիպված դիմում էի քեզ կամ