ոչ գրական մեծ գործեր եմ կատարել, որ արժանացած լինեի այդ ուշադրությանը և հոգածությանը և ինձ թվում է, որ այս դեպքում խորհուրդդ ինձ խրախուսում և քաջալերում է ապագայի համար, ես էլ կաշխատեմ գոնե ապագայում արժանի լինել այդ զգացմունքին։ Իսկ առայժմ հայտնում եմ իմ սրտագին շնորհակալությունը խոստովանում եմ այն նոր ույժն ու ոգևորությունը, որ զարթնեց իմ մեջ Մարդասիրական ընկերության այդ խրախուսական ձայնի հետ։
1897 թ., մարտի 24, Թիֆլիս
104. ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության հարգելի վարչությանը
Հրատարակչական ընկերության վերջին ընդհանուր ժողովում վարչությանդ պ. նախագահը արձանագրությունների մեջ ի միջի այլոց կարդաց և իմ խոսքերը, թե ես նրան ասել եմ («Մշակի» խմբագրատանը) և իրավունք եմ տվել արձանագրելու1։ Ընդհանուր ժողովն այնպես եղավ, որ ես այդ մասին խոսելու ձայն չստացա, բայց այժմ կարևոր եմ համարում հայտնել հետևյալը, որ ժողովի նախընթաց օրը ընկերության գրասենյակում հայտնեցի և պ. նախագահին, երբ նա ցույց տվեց ինձ այդ արձանագրությունը։ Իմ խոսակցությունից արձանագրված է միայն մի նախադասություն և այլ էլ այն ձևով, որ կարծել է տալիս, թե ես պ. Քալանթարի ասածները պ. Շիրվանզադեին հայտնելը մի հանցանք եմ համարում և ուզում եմ այդ հանցանքը հերքել ինձանից։ Ես, ընդհակառակը, այն կարծիքն եմ հայտնել, և այժմ էլ նույն կարծիքին եմ, որ պ. Քալանթարի ասածները պետք էր հայտնել պ. Շիրվանզադեին, որովհետև