Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 8 9 8

107. ԱՐԱՄ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ

Թիֆլիս–Բաքու

1898, փետրվարի 22, Թիֆլիս

Սիրելի Արամ,

Ուրիշ նամակ էլ եմ գրել քեզ1, պատասխանը չեմ ստացել, բայց այս մեկը անուշադիր չթողնես։

Երևի իմացած կլինես (նախորդ նամակումս էլ գրել էի),որ բաժանվել եմ տեր Հովհաննեսից ու իմ անորից։ Դու արդեն գիտես, թե այդ ընտանեկան կազմությունը որքան անհարմար ու ծանր էր ինձ համար, և բաժանվելը որքան ցանկալի էր։ Էլ պատմությունը չեմ գրում, այդ վերին աստիճանի անախորժ մի բան է2։

Հազիվ բաժանումբ գլուխ բերած, հեռագիր ստացա, թե հայրս մեռավ3։ Այս մի ահագին, անչափելի հարված էր, Արամ։ Գյուղից նոր վերադարձած դեռ նորաբաժան, իսկի հաց ու ջուրը չեմ կարողացել իրար գցել՝ կինս պառկեց, ծնեց № 64, երկու երեխաս հիվանդացան, նրանցից հետո ես հիվանդացա։ Եվ այս բոլորը դրամական այնպիսի մի տագնապի մեջ, որ միայն հայ գրողի տանը կպատահի։

Թե այս բոլոր ցավ ու չոռերի և թե տունս սարքելու, անհրաժեշտ պիտույքներ առնելու և այլն, և այլն, ինչ որ հարկավոր է 9 հոգուց բաղկացած մի ընտանիքի համար, ընկա ինձ համար շատ ծանր մի պարտքի տակ, կամ, ավելի ճիշտն ասած, առաջվա պարտքս շատ մեծացավ, պարտքատերերիս թիվը անցավ մի քանի տասնյակից։ Այդ բոլոր պարտքերից մի շատ ստիպողականը կա՝ այդ բանկի պարտքն է։