Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



110. ԱՐՍԵՆ ՂԼՏՃՅԱՆԻՆ

Թիֆլիս-Կիսլովոդսկ

<1898, հուլիսի կեսեր,ԹիՖլիս>

Սիրելի Արսեն,

Դու լավ ես ասել, թե՝ թեև այսքան ժամանակ իրար նամակ չենք գրել, բայց այդ չի նշանակիլ, թե իրար մոռացել ենք։ Առաջվա նամակներդ չեմ ստացել. երևի հասցեն լավ չես իմացել։

Ես չգիտեմ նամակիցս բան ես հասկանալու, թե չէ, այնքան գլուխս ուռած է շոգից, որ ուշքդ ու միտքս էլ գոլորշիացել են։ Ամենից առաջ շատ ուրախացա, որ դու ուսանող ես դարձել, ես կարծում էի, թե այդպիսով գուցե խելոքանաս, բայց նամակիցդ ուրիշ բան է երևում-իմ քեֆն ու հալր հարցնում ես։ Մի քիչ խելքը գլխին մարդը ի՞նչպես կհարցնի գրականությամբ պարապող մարդու քեֆն ու հալը։ Դա այնքան պարզ ու հայտնի բան է, որ ոչ ոք չի հարցնում. ամենքն էլ գիտեն, որ վատ է։ Բայց դու գուցե ինձ նրա համար ես հարցնում, որ գիտես, թե իմը ոչ թե վատ է, այլ ամենավատ։ Այս դեպքում իրավունք ունես։ Ճշմարիտ որ դժվար բան է, հարցնելու բան է, երբ որ մի մարդ զուրկ նյութական կարողությունից, զուրկ ուսումից, զուրկ կյանքի մեջ գործ կատարելու ընդունակություններից և պատրաստություններից, ըստ ամենայնի տհաս ու անպատրաստ, դեռ պատանեկան հասակից ծանրաբեռնվում է մեծ ընտանիքի հոգսերով ու գրականական պարապմունքով։ Ճշմարիտ որ բավականին դիմացկուն պետք է լինի հոգին, այն հոգին, որ յուր մեջ կրում է գրական կոչման ավյունն ու ձգտումը, որ կարողանա դիմանալ այս երկու իրար ճնշող, իրար մեռցնող ազդեցություններին՝ ընտանեկան հոգսերի տառապանքին և գրական ձգտումների հուզմունքին, որոնք միասին, միաժամանակ և անդադար մաքառում են անվերջ։ Այս մի զարհուրելի կռիվ է, որ ապարդյուն է անում ամեն