տվին, թե գնանք Ախալցխա։ Ասենք շատ լավ եղավ. եկա լավ բաղնիս արի, մի քանի բան ու ման առա և մի երկու ժամից հետո կգնանք։ Թե տեսնես ոնց են պատիվ տալիս այստեղ. ոչ մի բան չթողին ես առնեմ, ոչ մի կողմ թեքվեմ։ Տեսնես՝ ինչ առոք-փառոք ծառայով ու ինչ սրբիչներով բաղնիս տարան. այժմ էլ եկել նոր բաղնիս արած, սուրճն առաջիս գրում եմ քեզ։ Ահա այս մարդիկն են, որ երբ ինձ մոտ են գալիս՝ տրտնջում ես…
Զարմանում եմ, որ մինչև այսօր չկարողացար մի կին գտնել. մի երկու ամիս է, չէ՞, մեկին երկու վճարիր՝ մի քիչ հանգստացիր։ Ասում ես Աղայանցը կնոջը չաղացնում է. ես էլ այդտեղ չեմ, որ քեզ չաղացնեմ. գոնե դու աշխատիր, որ սևերես չլինես։ Ասում ես «շատ բան պետք է գրել էի, բայց չեմ ուզում նեղանաս ու բարկանաս»։ Զարմանալի է. այդ ի՞նչ բաներ են, որ չես գրում ու այսպես երկմտացնում ես։ Դու գիտես, որ ասած ժամանակ ավելի քիչ կնեղանամ, կամ գուցե այնպիսի բան է, որ չեմ նեղանալ, քան թե երբ գիտեմ ծածկում ես. ես քեզ միշտ ասել եմ, որ այդպես մի լինիր։
Եկա այստեղ Շուշանից մի երկար նամակ ստացա3։ Բոլորն էլ քեզանից երկար են գրում։ Ամենից շատ իշխանուհուց ու Շուշանից եմ նամակ ստանում և նրանց գրում4։ Ֆիլիպին դեռ նամակ չեմ գրել։
Բարևիր Աղայանցներին. ասա ափսո՜ս… ի՜նչ քեֆեր կանեինք։ Այստեղ մի կաթիլ գինի չեմ խմում։
Բարևիր տերտերին, մայրիկին, Թագոյին, Օսանին՝ «առանձին»,ինչպես ինքն է բարևել։
Համբուրում եմ երեխանցը և քեզ. առայժմ այսքանով բավականացիր։
Նոր-նոր ընտանիքներ են գալիս Ուրավել. էլ իսկի տեղ չկա։ Իշխանուհին ու Շուշանը քեզ բարև ու համբույրներ են ղրկում իմ միջոցով. ուրեմն կրկին համբուրում եմ։