առողջանամ։ Բայց ո՜րքան, որքան մեծ բան է, եթե գրողը կարողանա ճանապարհորդել, ուսումնասիրել իր ժողովուրդն, ուսումնասիրել նրա ավանդությունները, լեզուն, ադաթները։ Սաստիկ զգում եմ այս կարիքը ամեն անգամ, երբ լինում եմ ժողովրդի մեջ-ծո՛վ է, ծո՛վ։ Բայց պետք է ավելացնեմ, որ այստեղի ժողովուրդը բավականին աղքատ ժողովուրդ է. բարբառը տգեղ, գրեթե թուրքերեն, ինքը՝ ժողովուրդ<ը>, ավանդություններ չունի գրեթե, չէ որ ավանդությունները մեծ մասամբ կապված են լինում հին ավերակների, սար ու ձորերի, գետ ու լճերի և այլնի հետ, իսկ այս բոլորն այս երկրռւմ սրանց համար նոր են՝ Էրզերումից գաղթած ժողովուրդ են4։ Նույնիսկ իմ գրած լեգենդան սրանցից շատերին հարցրի-չիմացան. այնինչ թուրքերը գիտեին, սրանք համեմատաբար ավելի հին բնակիչներ են։ Թեև կարող են Ախալցխայից էլ շատերն իմանալ, բայց նույնիսկ լեգենդայի անունը վրացերեն է. ես թարգմանել եմ։
Նամակ գրիր5. հասցես՝ ուղղակի Ахалцых. ինձ են բերում։ Ինձանից բարևիր պ. Հակովբին, տիկ. Մարգարիտին, Ռուստեմին, տիկ. Յուզյային և Աքելին։
Այս րոպեիս եկան իմացնելու, որ քաղաք մարդ է գնում, նամակ տամ. շտապում եմ, կարճ եմ անում։
Իշխանուհուց նամակ ունեմ, Շուշանն էլ է գրում, այժմ էլ Լիզայի հետ եմ գրագրություն բաց անում7։ Անցյալ օրը նամակ ստացա Ս. Շահազիզից8 ու Շանթից9։
151. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Ուրավել-Թիֆլիս
Սիրելի Ֆիլիպ,
Լիզան, Աքելն ու Կատյան 23-ին եկան Ուրավել և այսօր գնում են. ահա այս րոպեիս աղմուկով դարսում են,