եթե կարոտի խնդիր կա։ Եվ որքան էլ դու խելոք-խելոք բաներ ասես ու աշխատես համոզել մարդուն, պետք է իմանաս, որ մի բան էլ կա, որ կմնա անհամոզելի՝ կես կամ մի տարով հեռու մնալու, որովհետև նա էլ ունի իր խելքը կամ անխելքությունը և այդ սիրտն է: Ահա, օրինակ. ես վճռել եմ, որ այստեղ մնամ մի 2-3 ամիս։ Ինչ էլ որ լինի մնալու եմ և մնում եմ։ Գրում են, թե երեխան հիվանդ էր։ Ես վճիռս չեմ փոխում, ես մինչև անգամ կարդում եմ, թե անցել է հիվանդությունը, բայց, այսուամենայնիվ, բոլորովին չեմ հավատում, կասկածն ընկնում է սրտիս մեջ, անքնություն եմ ունենում, և մի քանի օրվա մեջ պակասեցի երկու ֆունտ։
Դու իսկի մի զարմանալ սրանից, ինչպես որ ես չեմ զարմանում քո զարմանքից, քանզի, բաներ կան, որ մարդիկ կարող են միայն իմանալ, տեղյակ լինել, բայց ոչ թե զգալ, ապրել։ Զգալու համար պետք է ունենալ։ Ինչպես որ մենք լավ գիտենք, խելքով հասկանում ենք, որ մարդը մեռել է, բայց միայն մեռելի տերն է, որ ոչ միայն գիտի, այլ զգում է, և այլն ըստ կարգին։
Գալով տիղմին ու ճահիճին, քեզ, իմ սիրելի Դամոն3, պետք է լուրջ հանդիմանեմ ու զգուշացնեմ, որ մյուս անգամ ինձ այդ տեսակ բաներ չասես։ Առաջինը, որ այդ տեսակ բան չեն ասիլ մի մարդու, որին շատ, քիչ բանաստեղծ են համարում, երկրորդ, ճշմարիտ չես ասում, իբրև թե ես սիրում եմ… երրորդ, ես չեմ հայտնել դրա կարոտը, այլ ընդհակառակը, չորրորդ, քաղաքում, եթե ես պտտվում եմ այդ տիղմի մեջ, նրա համար, որ ավելի առնչություն ունի իմ կյանքը այդ տիղմի հետ, և այդ տիղմն անպայման մաքուր ու գերազանց է մնացած մյուս տիղմերից։ Ես կարծում եմ՝ դու արդեն համաձայնեցիր ինձ հետ, իսկ եթե այդպես չի, թող մեր «Հինգշաբթին» դատի ինձ ու քեզ4. ես առաջուց համաձայն եմ։
Մի խոսքով՝ այս բոլորը ցույց են տալիս, որ դու դրամատուրգի շնորհք ունես և չեղած տեղից կարող ես դրամա ստեղծել։