192. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ
Աբասթուման-Թիֆլիս
Սիրելի Ռուստեմ,
Իսկի մի չես հարցնում, թե ախար ես հիվանդ ունեի, ո՞ւր գնաց։ Իսկ ես այստեղ ամբողջ Աբասթուման, քանի բժշկից խոսք է ընկնում, քեզ փառաց ի փառս եմ հանում։ Ասում եմ ի՜նչ Гопадзе, ի՜նչ Текутьев, մենք Թիֆլիս երեխաների մի բժիշկ ունենք, որ ոչ թե միայն հիվանդ երեխաներին է առողջացնում, այլ չեղած տեղից էլ երեխա է ստեղծում։
Այստեղ, քան զքեզ լավը չըլի, մի լավ բժիշկ կա. քննեց, քո գտածից ավելի բան չգտավ։ Ասում է՝ բան չկա ներսը. իհարկե, դու հասկանում ես, որ խոսքը գլխի մասին չի։ Կատարում եմ բոլոր պատվերները, այսինքն ման եմ գալիս, երբոր եղանակը լավ է լինում, ուտում եմ, ինչ որ տալիս է տանտիրուհիս և քնում եմ, երբոր քունս տանում է։ Հա՛, վաննա էլ եմ ընդունում, որ շատ լավ է ազդում։
Սկզբում արգելեց պարապելը, միառժամանակից արգելքը վերցրեց, թե քիչ-քիչ կարող ես պարապել. բայց ես հենց սկզբից քիչ-քիչ պարապում եմ։ «Սասունցի Դավիթը» անպատճառ հետս կբերեմ։ Բայց հիմա էլ սկսել եմ այդ չհավանել, իզուր տեղը սկզբից մտածեցի երեխաների ու ժողովրդի ընթերցանությանը հարմարեցնեմ։ Ձևն էլ չի դյուր գալիս. վերջն ուրիշ տեսակ եմ անում1։ Վերջում երկնքից երկու խնձոր ընկավ, մինը քեզ, մինն ինձ։
Ասում են գնացել ես մեր տունը, անշուշտ, երեխա առողջացնելու, ոչ թե այնքան հեռու գնալու, ինչպես ես եմ գովում, այդ ինչ բան էր, ընչից էր հիվանդ։ Անհանգիստ եմ։
Գրել էին, թե գնալու ես Հաղպատ—Սանահին։ Գնացի՞ր, եկա՞ր, ի՞նչ տպավորություն արին Եվրոպայից հետո։ Արդյոք մեր ձորերը հավանեցի՞ր, իսկի հիշեցնո՞ւմ են Շվեցարիան։