Իրար հասկանալու համար պետք է խոսել, իրար միտք իմանալ։ Դու քո սովորական «եսիմ»–ով ու «չգիտեմ»–ով, որ իմ հոգին հանել են այնքան, չես կարող քո կամքը հայտնել։
Այսօր ստացա չուչխելիդ պասիլկան։ Այն կույրերի առակի նման—ինձ համար որ այսքան ես ուղարկել, բա ձեզ համար ինչքան ունեք։
Մի՞թե Թիֆլիս ավելի լավ ու էժան ժամացույց չէր կարելի առնել Աշխենի համար։ Քանի անգամ եք վճարելու 5,50 կ.։
Այստեղ եղանակները լավ են։ Անքնությունս շարունակվում է, տեսնենք մինչև երբ։
Շանթից նամակ ստացա։ Չգիտեմ իսկապես գոհ է, թե հենց այնպես է գրում1։ Գրիր, ինչպես ես յոլա տանում։
Այսօր էլ ստիպված եմ մի խումբ նամակների պատասխանելու2։
Ասում ես պատկերը չեմ ստանալ, երևի փողի պատճառով։ Երևի ինձանից վրեժ հանելու համար ես այս անգամ բաց նամակ գրել3։
Աղայանցն, ինչպես երևում է, նամակս չի ստանում4: Ե՞րբ է գալու։ Բարևիր նրանց։
Արդյոք՝ էլ եղե՞լ ես իշխանուհու մոտ կամ Վարդազարյանների. երևի բժշկենց մոտ էլ չես գնացել։ Բարև ներքև-բոլորին։ Պառավյանից ի՞նչ լուր։ Միթե իմ «ռուսերեն»-ը էլ չեն ղրկում5։ Համբուրում եմ երեխաներին ու…
195. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Աբասթումաս—Թիֆլիս
Սիրելի Աբասթուման,1
Մի՞թե մինչև հիմա չվերադարձաք Էջմիածնից։ Այստեղ հասած տեղեկություններից մինչև անգամ ինձ թվում է, որ իսկի չեք էլ գնացել։