Սակայն ես Ձեզ շատ լավ եմ հասկանում։ Ձեր բոլոր ուզածն այն է, որ ես ապահով լինիմ, և այդ ցանկությունն այնքան քույրորեն ու բուռն է Ձեզ հուզում, որ Դուք աշխատում եք, ինչ էլ որ լինի, գտնեք այդ գործի լավ կողմը ու հաշտեցնեք իմ խրտնած զգացմունքների հետ, չնայելով, որ Դուք էլ եք ինձ համազգաց։
Իմացած եղեք, որ հենց այդ զգացմունքն արդեն ինձ համար շատ բան է, որովհետև մենք ավելի սրտի մարդիկ ենք, թեկուզ և մեր կյանքն այսքան թաղված ու զբաղված նյութականի խնդրով։
Եվ չէ որ հենց նյութականի խնդիրն էլ նրա համար է այդքան ծանրանում, որ սիրտ չկա, անսիրտ, կոպիտ մարդիկ են, ինչպես Դուք էլ վկայում եք Ձեր նամակում։
Դրանցից պետք է ապահով լինել, պետք է մարդ, որքան կարող է, իր սիրտը պատսպարի հեռու, թեկուզ չքավորության մեջ։ Որքան հնարավոր է, թեկուզ հենց միմիայն խաղաղ լինելու համար։ Չէ որ կարելի է պակաս ապրել ու խաղաղ լինել։ Ես գիտեմ ու նախագուշակում եմ այդ, նրա համար էլ հերիք եմ համարում եղած վրդովմունքներն ու վշտերը և հրաժարվում եմ այն մի քանի հազարից ու նրանց հետ եկող բոլոր անախորժություններից։
Այս մասին երևի է՛լ կխոսենք։
Ես այժմ լավ եմ։ Ռուստեմը Բորժոմից գրել է, որ գնամ մոտը6։ Պատասխանեցի, որ կգնամ7։ Նա կարծում է, որ ես միշտ այստեղ հիվանդների հետ եմ լինում։ Շատ սակավ եմ պատահում։ Իսկ փողոցում, եթե հանդիպում եմ, ես ինչ կարող եմ անել, շատ-շատ չկանգնել, չխոսել երկար, չզբոսնել հետները։ Եվ այդպես էլ անում եմ։ Ես վերջն իմացա նրանցից մի երկուսի հիվանդ լինելը։
Ֆիլիպն էլ հեռագրով 25 ռ. էր ուղարկել ու գրել, թե այնպես արա ինչպես գրում եմ։ Զարմանալի մարդ է. կարգին չկարողացա հասկանալ։ Վերջը-վերջին նամակում կար, թե եթե մնալու ես (չգիտեմ ինչու է դա շուտ-շուտ այս հարցն ինձ տալիս, քանի որ ես միշտ գրում եմ, թե շատ գոհ