Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատվի բռնեցին, այստեղ, իհարկե, կռանս վրայի օդեալը մի քիչ խանգարում էր հանդեսը, բայց, այսուամենայնիվ, ես ողջունեցի ու անցա վերև։ Դուրս եկավ Ռուստեմը, համբուրվեցինք, ներս ընկանք նրա սենյակն ու սկսեցինք ծիծաղել…

Մի քիչ հետո արդեն մեզ մեր տանն էինք զգում ու մինչև անգամ գրական երեկո սարքեցինք իշխանական թեյի վրա3։

Ռուստեմի մոտ տեղ ու հարմարություն չկար այնպես որ գիշերը եկա հյուրանոց, որտեղ և առավոտյան նամակս գրում եմ ու սպասում Ռուստեմին, որ այժմ գալու է ինձ մոտ։

Քննեց, գտավ որ լավ եմ, և ամսի վերջը կգամ։

Բորժոմն ու Աբասթումանը իսկի չի կարելի համեմատել, շատ ավելի գեղեցիկ է Աբասթումանը, իսկ օդն ու ջուրը, այդ հո ոչինչ չի հասնիլ։

Ախալցխա էլ գիշերը հասա ու իջա հյուրանոցում։

Ամենալավ հյուրանոցը տարան ու լավ համարը տվին, և իրավ շքեղ էր, բայց սաստիկ ցուրտ, և կողքին էլ մի կին ու ահագին պատմություններ, այնպես որ քաշվեցի մի ուրիշ համար։ Մյուս օրը հանդիպեցին ծանոթներս. Նալբանդյանը, որ խնձոր էր ղրկել մեզ համար, ճաշին տարավ տուն, Լալայանի աներն էլ էր ու երկու օր մնացի Ախալցխա։ Կարծում եմ, որ գնամ շատ նամակներ կունենամ, երևի քեզանից մի երկու նամակ կլինի։

Շտապում եմ, ուզում եմ գնալ այնքան հոգնած, ջարդված ու մրսած եմ։

Այստեղ դուռը բացվեց ու Ռուստեմը մտավ, բարևում է քեզ։

Համբուրում եմ քեզ։
Հովհաննես