Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն նամակը թե որ քեզ տա, հետ ուղարկիր3, շուտ-շուտ նամակ գրիր։ Թե որ ժամանակը տխուր է անցնում, շատ էլ չսպասեք։

(Շարունակությունը մյուս թերթում)։

Օլա ջան, գրում ես, թե նախանձվում էիր, որ Կոնոն ու իր նշանածն զբոսնում էին միասին, այնինչ դու մենակ էիր. ա՜խ, թե գիտենաս այս խոսքերն ինչպես սիրտս կրակեցին, ինչպես լցվեցա… Բայց չէ որ նրանք տարիներով հեռու են իրարից, իսկ մենք… մենք դեռևս շատ ժամանակ ունենք։ Այստեղ ակամայից հիշելով մեր սիրո անցյալ արկածները, մի բան գրեմ.— առավոտյան թղթերիս մեջ պատահմամբ գտա 87 թվականի վերջերին գրած մի բանաստեղծություն, որը գրել եմ քեզ վերա… ժամանակը (լավ հիշեցի, թե ինչ օր եմ գրել)։ Այնքան ինձ դյուր եկավ, որ հետս տարա կոնսիստոր, չգիտեմ, այնտեղ մնաց, թե հետս բերեցի, վերջապես կորցրել եմ, վաղը կորոնեմ կոնսիստորում. բայց ահա նրա վերջին տները. —

…Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել։

Ես ուզում եմ մի հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչել.

Թողեք, թողե՛ք ինձ խնդրեմ,
Թողեք ինձ միայն սեր երգել.
Թողե՛ք, թողե՛ք, որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել…

1887 թ.