անցնում սրտիս վրայից և ես համրում եմ։ Ոչ ոք չկա, որին նայելով կարողանայի քո պատկերը մոռանալ, ոչ ոք յուր խոսքով չի կարողանում սիրտս սփոփել, ոչ ոքի ժպիտ ու ծիծաղ ինձ չէ ուրախացնում, այլ, ընդհակառակը, զայրացնում է. ես կարծում եմ, թե դու դեռևս աղբյուրի մոտ նստած, Մուշեղը գիրկդ արտասվում ես… Ես չեմ ուզում ոչ ոք ծիծաղի։ Ես զգում եմ և խոստովանում — չկա մեկ էակ, մեկ անձնավորություն, որ քեզ փոխարիներ ինձ համար։ Բայց դու դեռ կասկածում ես իմ մասին… Տերտերն ինձ պատմեց, թե Օլեն ասում էր՝ «հիմա էլ նա (իբրև ես) էլ տանը կնստի՞, ով գիտի էլ տուն չի գալիս…»։ Հետ նայիր, հոգիս, հիշիր մեր անցյալը, թեև կարճ, բայց փոթորկալի անցյալը, ձև էլ չես կասկածիլ իմ սիրո և անկեղծության մասին, կհամոզվես, որ մի բան ինչքան դժվարությամբ և թանկ է ձեռք բերված, այնքան էլ թանկ և սիրելի է, եթե ոչ՝ ինչ կարիք կար նրա համար զոհեր անել։
Բայց ես հավատում եմ, ես գիտեմ, որ դեպի միմյանց այդպես զգույշ, այնքան զգույշ, որ պարզ կասկածանքի է փոխվում, այո՛, այսպես վերաբերվիլը սիրող սրտի նախանձն է, մի նախանձ, որ երջանկացնում է մարդու։
Եվ թող, իմ անգին, քո սիրտդ որքան սիրով է լեցուն, այնքան էլ հույսով լինի լիքը մեր ապագայի երջանկության և բարելավության հույսով։
Հավատացիր, որ մեզ, մեր գալոց օրերին ոչինչ, ոչինչ վտանգ չէ սպառնում. մեր ապագան ապահովված է և այս սրտի ցավով կտեսնեն մեր թշնամիները։ Ո՜րքան ստոր են այս մարդիկը, ո՜րքան խղճալի են և ո՜րքան արհամարհելի։ Անցյալ օրերը մի քանիսը (իհարկե ջոկ-ջոկ) առաջս կտրում են, մի կողմ տանում և փարիսական կեղծավորությամբ ցավելով իմ անբախտության վրա իբրև մի ելք դեպի երջանկություն, ահա թե ինչ բարեկամական խորհուրդներ են տալիս, ինչ են առաջարկում. — դարձյալ մի անգամ կռվել տերտերի հետ (կարծես առաջին անգամը նրա հետ եմ կռվել հատկապես) բոլորը պարզել և մի բան անել… կամ դատ