կանգնած։ Ես քեզ պետք է ասեմ, որ հորս շատ էի սիրում։ Երբ որ հայրս մեռավ, ամեն անգամ այդ ձորով անցնելիս՝ ես տեսնում էի այն մենակ ծառը, միշտ ժայռի գըլխին կանգնած, և կարծես թե հորս ձայնն էլ ապրում էր այն ձորում ու ամեն անգամ կանչում. նայի՛ր, Օհանես, էն ծառին նայիր, կարծես թե մենակ օքմին լինի ժայռի գլխին կանգնած։ Այժմ անցնելիս նայեցի և… այլևս չկար էն ծառը ու հետն էլ չկար այն հրաշալի պատրանքը՝ իմ հոր ձայնը։
Երկուսն էլ կորել էին։
Մի անգամ պետք է տեսնես այդ ձորերը, բայց, մանավանդ, գարնանը։
Վագոնում հետս էր տիկին Մայսուրյանը՝ դերասանուհին։ Լոռու ձորերի ու Դեբեդի գեղեցիկ, քմահաճո խաղերից սքանչացած անդադար կրկնում էր-«վա՛յ մերա… ես մերա…» և չգիտեմ ինչպես, տիկինր այդ գեղեցկությունների բուռն տպավորության տակ ուխտեց սիրել, հավիտյանս սիրել (իհարկե ոչ թե ինձ) և գտավ, որ չարժե մի րոպե անգամ ապրել առանց սիրելու։ Ես լուռ էի։
- Դուք բանաստեղծ մարդ եք, ի՞նչու Դուք էլ չեք ուխտում, դիմեց ինձ։
- Բանաստեղծներն ավելի լավ են համարում սիրել, քան թե ուխտել,-պատասխանեցի ես ու ծիծաղեցինք։
Արշալույսին երևացին Անիի ավերակները, ապա թե ծավալվեց Արարատյան դաշտը, մի կողմում՝ սրբազան Մասիսը՝ վեհափառ համարձակությամբ մտած երկնքի ծոցը, մյուս կողմը՝ չքնաղ Աըագածը՝ իր լայն փեշերը փռած ու բազմած լեն ու բոլ։
Բիբլիական, խորհրդավոր ու համարձակ են Արարատյան աշխարհի գեղեցկությունները։
Շատ գեղեցիկ է տեսարանը և Երևանի առաջնորդարանի պատշգամբից։ Ես շարունակ այնտեղից հիանում էի ու մտորում։
Հենց հասա Երևան, իջա թե չէ, պատշգամբում նստեցինք, աշուղն էլ մեր ետևից մտավ։