Քննադատությունը լավ բան է. շնորհակալ եմ, որ առիթ տվիր դրսից նայելու իմ այս ոտանավորներին, ինձ համար շատ ախորժելի ու հետաքրքրական եղավ այս։
Սակայն իսկապես հարցերիդ չպատասխանեցի կարգին։ Պատասխանեմ.
1 հարցիդ, թե չեմ ուզել սիրել, տեսար, որ ուզել եմ սիրել, քեզ ավելին կասեմ, բայց երկար դուրս կգա, մին էլ որ-ընչիդ է պետք պատմությունը։
2 հարցիդ, թե նազ էր անում, եթե ավելի պարզ ասեիր, թե խուսափում էր—կարծում եմ ավելի ճիշտ կլիներ։ Ասում է՝ «Դու բախտավոր ես արդեն…» (չհասկանալուց)։
3 հարցիդ, թե «Ընկերիս» ոտանավորով ո՞ւմ եմ դիմում՝ նրան թե ներան-զարմանում եմ։ Այդ ոտանավորի համար, քեզ նամակ եմ գրել և նամակ առել. թե կորցրել ես-պատիժը քաշիր, թե մոռացել ես՝ նույնպես։ Այդ կմնա առանց պատասխանի4։
Անցյալ անգամ, որ քեզ նամակ գրեցի5, հենց նույն օրը Մխիթարից փող ստացա. «Դավթի» շարունակությունն ուզում են։
Պատրաստություն եմ տեսնում «Դավթին» հարսանիք անելու։ Հարսանքի ծախքը նրանցն է6։
Բարևներ պ. Հակոբին և ողջ կանտորին։
<17 օգոստոսի, Շուլավեր, 1904>
Այսօր լավ չեմ, այնպես որ ձեռքերս էլ դողում են, երևի նամակս շատ անկապ է դուրս գալու։