Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կա։ Ամենից առաջ հարկավոր է, որ մեկը բանաստեղծ լինի բառի լուրջ իմաստով։ Նրանից հետո պետք է նրան հասկանալ։ Եվ այս դժվար բան է։ Նա ինքն էլ հաճախ իրեն չի հասկանում, կարող է սխալ մեկնություն տալ իր այս կամ այն երգին՛ ու երկին, ճիշտ այնպես, ինչպես մայրը կարող է գլխի չընկնել, թե ինչ շնորհք ունի այն որդին, որ ինքն է ծնել։

Բայց նա, որ կոչված է քննելու և դատելու ուրիշների ծնունդները, նա գլխի պետք է ընկնի։ Խորիմաստ պետք է լինի ու ներսը նայի։ Թե չէ հակասություն կգտնի, երբ բանաստեղծն ասում է.

«…Սակայն ինչու եմ ես հեռացել անտառն ու անապատը։ Ոչ ապաքեն նրա համար, որ չափազանց շատ սիրեցի մարդկանց»:
Ասում է՝ փախել եմ ձեզանից, որովհետև շատ եմ սիրել ձեզ։

Նամակիդ մեջ բերած 9 տողը-«Ելած կյանքի ամեն ճամփից», և այլն, գտել ես շինծու, բայրոնա-լերմոնտովյան։ Ասում ես՝ նրանք հակասում են իմ շատ երգերին ու զգացմունքներին և ուրեմն ճիշտ չեն։ նրանց հակադրել ես ուրիշ տողեր, սիրային երգեր, Լոռին ու ավանդությունները։ Առաջին սխալդ այն է, որ կարծում ես տողերն են բայրոնա-լերմոնտովյան, ոչ թե ես։ Երկրորդ սխալդ էլ այն է, որ կարծում ես՝ հակասություն կա մեջտեղը։

Ես նոր, քո դրդումով եմ ուշադրություն դարձնում դրանց վրա, բայց համոզված եմ ասում, որովհետև անկեղծ են ասված, այնպես, ինչպես զգացել եմ. իսկ ես գիտեմ, որ եթե այդպես եմ զգացել՝ արդեն ճիշտ է, բնական է, իմաստ ունի, թեկուզ ինքս էլ չկարողանամ բացատրել։
Սակայն հեշտ բացատրելու բաներ են դրանք։ Կարծես թե՝ իմ ոտանավորների եզրակացությունները կամ ամփոփումները հավաքված են այդ ոտանավորների տողերի մեջ։ Անշուշտ, քննադատը մի օր կանգ կառնի դրանց վրա։ Եթե այսօր կանգ չեն առնում, նրանից է, որ քննադատներ չեն։