արդեն, իսկ լավագույն հաճույքների հույսերը հեռանում են, գնում են դեպի ապագան, երազ են դառնում կամ մեռնում։
Այս էլ կարճ կտրենք, որ քեզ չձանձրացնեմ կամ աչքերիդ չվնասեմ։
Զարգացման մասին խոսելիս դու զուր ես հիշատակում ուսումնարանը։ Իմ մտքովն ուսումնարան չի անցել։ Իսկ թե ես ինչ եմ ուզում կամ, ու խոսքով ասենք, ինչն է իմ ձեռքը կապում, այդ մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետև այդ հարցը ինձ հոգնեցրել է և ընդմիշտ հոգնեցրել։ Իմ լավագույն ուժերն ու տարիներն անցել են արդեն, իսկ ինչ որ առաջս կա, ով գիտի՝ այն էլ ինչ է լինելու։
Լավ ես ասում՝ թե կյանքը-կյանք է։ Բայց մի՛ մոռանար, որ մարդն էլ-մարդ է։ Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ՝ մեռնում, այնուհետև դարձյալ կյանքը-կյանք է, բայց մարդը-էլ որտեղ է…
Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ։
285. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
Շուլավեր-Թիֆլիս
<1904, օգոստոսի երրորդ տասնօրյակ>, Շուլավեր
Սիրելի Ֆիլիպ,
Վերջապես մեր նամակներում եկանք մի եզրակացության, ես գտա մի դառնացած մարդ, իսկ դու՝ դաժան, կամ գոնե այդ տպավորությունն է անում քեզ վրա։
Պարծանք1։
Այժմ ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ, բրոշյուրդ կարդաս հայերեն լավ գիտեցող մեկի մոտ, որ լեզվական սխալներ չանես։
Անշուշտ, կներես ինձ այս խորհուրդս։ Կարծում եմ, բրոշյուրիդ մեջ շատ հետաքրքրական դիտողություններ են լինելու։