համար մեծագույն դժվարություններով ճանապարհորդելու մասին։ Կապը հնչակյանների հետ, հավանաբար, տևել է մինչև այդ կուսակցության պառակտումը (1896)։
Կուսակցությունների հետ ունեցած իր կարճատև առնչությունների մասին բանաստեղծն ունի միանգամայն անկեղծ բացատրություն (որը կարելի է վերագրել նաև նրա աշխատանքային գործելակերպին)՝ գրված 1918 թ., կյանքի հարուստ փորձ ունեցած ժամանակ. «Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների միջից (թեև շատ արագ ու թեթև) և չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ»։ Եվ ապա. «Կուսակցության մարդը հիրավի կուսակցության զինվոր է… իսկ բանաստեղծը իր խառնվածքով ի ծնե ազատ ու սավառուն մի հոգի ու ինքնիշխան ստեղծագործող» (ՍՀ7, 487—488, 491—492)։ Եվ նա մշտապես հետևել է արդեն հիշատակված այն սկզբունքին, թե ինքը «ոչ մեկի զինվորը չէ»։ Բանաստեղծ-կուսակցություն-հեղափոխություն փոխհարաբերության մասին նա գրեթե նույն միտքն է արտահայտել 1909 թ. ժանդարմական վարչությանը գրած խնդրագրերում։
2
«Մուրճի» խմբագրությունը և հրատարակչական ընկերությունը միաժամանակ թողնելու զուգադիպությունը պայմաններ ստեղծեցին Թումանյանի և Փիլիպոս Վարդազարյանի համագործակցության, ապա մտերմության ու սերտ բարեկամության համար, որը բախտորոշ նշանակություն ունեցավ բանաստեղծի կյանքում։ Թումանյանը ոչ միայն ստեղծագործողի տաղանդով, այլև իր անմիջականությամբ, շենշող բնավորությամբ ու հարուստ նկարագրով բացառիկ սիրված անձնավորություն էր։ Ինչպես նրա գրած, այնպես էլ ստացած նամակներում աչքի է ընկնում ընկերների, մտերիմների հազվագյուտ սրտացավ վերաբերմունքը Թումանյան բանաստեղծի և մարդու նկատմամբ։
1893 թ. Թումանյանը և Փ. Վարդազարյանը ձեռնարկեցին «Հորիզոն» հանդեսի հրատարակությունը, բայց կարողացան հրատարակել միայն առաջին գիրքը այնուհետև Վարդազարյանը սկսեց տպագրել Թումանյանի գործերը, և շուտով իրար ետևից լույս տեսան «Դաշնակներ» վերնագրով երկու գրքույկ, «Լոռեցի Սաքոն» պոեմը, Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» և Լերմոնտովի «Մծիրի» պոեմների թարգմանություններն առանձին գրքերով։
Հրատարակության գործը իրականացնելու միջոցին Վարդազարյանին գրած նամակներում, երկտողերում վերջինս ներկայանում է ոչ այնքան որպես շահագրգռված հրատարակիչ, որքան հեղինակի տաղանդը գնահատող անկեղծ բարեկամ, գրասեր անձնավորություն։ Ինչպես վկայում են նամակները, նա ինքը անձամբ հետևում էր տպարանական գործին գրաքննչական