Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիրներ։ Բայց Թումանյանի համար ավելի կարևոր դեր խաղաց խմբի որոշումը նրա առողջական վիճակով մտահոգվելու, աշխատելու համար պայմաններ ստեղծելու մասին։ Դա իրականացավ 1901-1903 թթ., երբ բանաստեղծը բարեկամների օգնությամբ բուժվում ու հանգըստանոլմ էր Ուրավելի և Աբասթումանի ամառանոցներում։

«Հինգշաբթիներում» է ձեռնարկվել Թումանյանի 1903 թ. ժողովածուի հրատարակության գործը ևս։ Ինչպես երևում է նամակներից, դա տեղիք է տվել հրատարակիչների ու հեղինակի անհամաձայնությանը՝ կապված վերջինիս պահանջկոտության հետ սեփական գործի նկատմամբ։ Մ. Թումանյանի գրած նամակում նա պնդում էր, որ «գեղարվեստական գործի մեջ որքան կարելի է պետք է ընտիրը, լավը տալ, քանակը կախված կլինի դրանից»։ Հրատարակիչները, հեղինակի շահերից ելնելով, շտապեցնում էին, այնինչ նրան հետաքրքրում էր գործի որակը, նաև այն, որ ընթերցողին ներկայանա նոր երկերով, իսկ հներից շատերը «պատանեկան անփորձ գործեր են և ավելի շատ պակասություններ ունեն, քան արժանիքներ»,-գրել է նա Ս. Շահազիզին։

Դարասկզրին «հինգշաբթիներին» զուգահեռ գործում էր «Վերնատունը», որին ոգի ու շունչ տվողը դարձյալ Թումանյանն էր։ Միայն նրա հիմնական անդամների հիշատակությունը՝ Ղ. Աղայան, Ավ. Իսահակյան, Դ. Դեմիրճյան, Լ. Շանթ, Ն. Աղբալյան, արդեն պարզ է դարձնում կարևորությունը Թումանյանի հարկի տակ ստեղծված գրական օջախի, որը դեպի իրեն էր ձգում ժամանակի հայ մշակութային նշանավոր գործիչներին։ «Առանց «Վերնատան», իհարկե, ապրել չի լինիլ»,-գրել է նա Իսահակյանին 1901 թ. սեպտեմբերին, իսկ մոտ մեկ տարի անց Փ. Վարդազարյանին հաղորդակից դարձրել «Վերնատան» հավաքույթների իր ծրագրերին՝ խոստանալով ստեղծել «նոր տենչերով, նոր շնչերով գրական եռանդուն կյանք»։ «Այս ձմեռ «Վերնատունը» պատվավոր կերևա,-գրում է նա։- Պետք է մի նոր հոսանք առաջ բերել։ Նոր գրական հասկացողություններ, ճաշակ, լուրջ վերաբերմունք, պատկառանք դեպի գրիչը, գրչի անպայման մաքրություն»։ Այս մի քանի տողով Թումանյանը գնահատում է «Վերնատան» գործունեությունը, ներկայացնում է մի մասը այն ծրագրերի, որով առաջնորդվում էր գրական այդ ընկերակցությունը իր մոտ տասնամյա գոյության ընթացքում։ Խմբակի գործունեությունը կարևորագույն քայլ եղավ ապագա Հայ գրողների կովկասյան ընկերության ստեղծման ճանապարհին։

1905—1906 թթ. և այնուհետև գրած նամակների մեծ մասում Թումանյանը հանդես է գալիս ավելի շատ որպես հասարակական գործիչ։ Դա իր արտահայտությունն է զտել հատկապես հայ-թուրքական ընդհարումների միջոցին պաշտոնական անձանց գրած նամակներում ու գրություններում։ Զուր չէ, որ նա 1906 թ. մայիսի 30-ին Վարդազարյանին գրել է– «Եվ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որևէ բան եմ