Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ես հեղափոխական չեմ եղել և չեմ կարող լինել, քանի որ ես ավելի խոր ու լայն եմ նայում կյանքին, ինչ կարող է թույլատրել որևէ հեղափոխական կուսակցություն»։ Սա արդեն Թումանյանի աշխարհայացքի ամենակայուն կողմն է, որով նա առաջնորդվել է հասարակական ասպարեզ մտնելու առաջին իսկ քայլերից։ Նա հարել է այն կուսակցությանը, որը տվյալ պահին իր վրա էր վերցնում ժողովրդի շահերի պաշտպանությունը, որևէ հայրենասիրական, մարդասիրական գործ, այդպես էր ինչպես 90-ական թթ., այնպես Էլ 1905—1906 թթ., երբ նա հանդես եկավ որպես բանաստեղծ, ազգային գործիչ և ո՛չ որպես կուսակցական։ Այդ է պատճառը, որ բանտարկյալ Թումանյանը ամեն կերպ ժխտել է իրեն վերագրվող դաշնակցություն կուսակցության հետ ունեցած կապը։ Մյուս կողմից՝ դա եղել է նաև արդարանալու, մեղադրանքից խուսափելու դիվանագիտական քայլ, քանի որ փաստերը հակառակն էին ապացուցում։

Այսպես, մինչև վերջերս 1905—1906 թթ. (և հետագա տարիներին) Թումանյանի կուսակցական պատկանելության մասին միակ փաստը (չհաշված ժանդարմական վարչության փաստաթղթերի վկայությունները, որոնց մեջ, ինչպես տեսանք, հավաստի տեղեկությունները անհեթեթություններից դատելն անհնարին է) դաշնակցության ոչ անհայտ գործիչ Արշակ Ջամալյանի հուշերն էին այն մասին, որ «Թումանյանը մինչև դաշնակցության դատի վերջը պաշտոնապես համարվում էր դաշնակցական» և որ «Նա 1905-ի կովկասյան առաջին ռայոնական ժողովին (ապրիլ) մասնակցում էր իբրև Թիֆլիսի, կամ «Մեծ քաղաքի», կենտրոնական կոմիտեի անդամ (մանրամասնությունները՝ «Վեմ», 1933, Ա, Փարիզ, էջ 21—23, այդ մասին տե՛ս Լ. Կարապետյան, էջ 30)։ Բայց վերջերս հայտնի դարձավ մեկ այլ փաստ, որը հաստատում է Ջամալյանի հուշը. պարզվում է, որ 1907 թ. հունվարին բանաստեղծը առաջադրվել է Ռուսաստանի երկրորդ Պետական դումայի պատգամավոր ընտրող պատվիրակների թեկնածու դաշնակցության կողմից, քվեարկելու էր Թիֆլիսի 4-րդ քաղաքամասի բնակչության անունից (տե՛ս «Ժամանակ», 1907, № 19)։ Հունվարի 28-ին տեղի է ունենում պատգամավոր առաջադրող 81 պատվիրակների ընտրությունը։ Երբ դաշնակցության թեկնածուները (այդ թվում և Թումանյանը) չեն անցնում, հաղթանակը տանում են սոցիալ-դեմոկրատների թեկնածուները և, ի վերջո, փետրվարի 6-ին Թիֆլիսում երկրորդ Պետական դումայի պատգամավոր է ընտրվում Արշակ Զոհրաբյանը (Զուրաբյանը)։

Իրական այս փաստերը դույզն իսկ չեն հակասում Թումանյանի՝ հարցաքննությունների միջոցին և խնդրագրերում տված ցուցմունքներին, քանի որ անգամ որևէ կուսակցության հարելիս, նա առաջնորդվել է սեփական սկզբունքներով ու վաղուց որդեգրած գաղափարներով։ Այդ հաստատվում է նաև նրա մեկ այլ գրավոր վկայությամբ. «Եթե որևէ սոցիալիստական խմբակցության էլ կապված եմ եղել՝ ոչ թե ծրագրային կապով,