Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարրեր խավերին, մանավանդ մտավորականությանը, միաժամանակ հաշտության կոչ անում դաշնակցությանն ու բոլշևիկներին և հույս հայտնում, որ նոր Ռուսաստանը կհաշտեցնի հային ու թուրքին և «ուշադրություն կդարձնի հայ ժողովրդի բանաստեղծի հաշտարար միջամտության վրա»։

Հայտնի է, որ այդ դիմումի և ոչ մի կետ չունեցավ իր գիտակից ունկնդիրը։ Ընդհակառակը, Հայաստանում քաղաքական ճգնաժամը խորացավ, հալածանքներն ավելի մեծ չափեր ընդունեցին, և դա հանգեցրեց 1921 թ. սկզբի քաղաքացիական արյունաղի կռիվներին։ Ազգամիջյան ընդհարումների ժամանակ հաշտարարի փորձ ունեցող բանաստեղծին այս անգամ վիճակվում է ավելի բարդ ու դժվարին դեր՝ Երևան մեկնելով վերջ տալ եղբայրասպան կռվին։ Եթե Թիֆլիսում նա համոզված էր, որ նոր իրադրությունը կազմակերպված ավանտյուրա է՝ մի խումբ դաշնակցականների սադրանքներով ստեղծված, ապա մարտի 20-ին, Երևան հասնելուց հետո, թափանցելով կատարվածի ներքին շերտերը, համոզվեց, որ խռովությունը ունեցել է իր արդարացի պատճառները։ X հատորի նամակները՝ գրված փետրվարյան հեղաշրջման պարտությունից ու խորհրդային կարգերի վերականգնումից հետո, հստակ պատկերացում են տալիս այդ իրադարձությունների և դրանց՝ Թումանյանի մասնակցության մասին։ Այդ դեպքերի հետ է կապված «Իմ Երևան գալու առթիվ…» խոսքերով սկսվող անավարտ հոդվածը (տե՛ս ՊԲՀ, 1988, № 2, էջ 201—211 և ՍՀ, հ. 7, 509-518)։

Թոլմանյանի ամենամեծ մտահոգությունը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, խաղաղ աշխատանքի ապահովման հեռանկարն էր, որը նա համարում էր Հայաստանի նոր ղեկավարության գլխավոր խնդիրը (տե՛ս 1921 թ. ապրիլի 8-ի նամակը)։ Իսկ Ավ. Իսահակյանին գրած նամակից (1921 թ. հոկտեմբերի 4) երևում է, որ Թումանյանը իր հեղինակությունն ու դիրքը ըստ ամենայնի օգտագործել է մշակույթի գործիչների նկատմամբ պետական հովանավորություն ապահովելու համար։ Նա հույս ուներ վերականգնել «Վերնատան» գործունեությունը, համախմբել բոլոր տաղանդավոր գրական ուժերին։

1921 թ. ամռանը Թումանյանը մի նոր եռանդով սկսեց գործել որպես Գրչի մշակների միության նախագահ։ Նա վերականգնեց զեկուցումները, երեկույթներ կազմակերպելու գրողների ընկերության նախկին ավանդույթը։ Որդուն՝ Արեգին հասցեագրած նամակում նա հայտնում է, որ զեկուցումներն սկսվել են իրենով՝ Դեմիրճյանը բանախոսել է իր մասին, իսկ ինքը՝ «Հայկական էպոսի բառարանից» թեմայով։

Թումանյանի այդ տարվա գործունեության բարձրակետը նրա՝ Կոստանդնուպոլիս մեկնել էր՝ որպես Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) նախագահ։ Բանաստեղծն իր վերջին ջանքերն ուղղեց տնտեսական փլուզման մեջ գտնվող հայրենիքի օգնությունը կազմակերպելու, Հայաստան-սփյուռք