Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնում, 3 ամսվան ռոճիկս առա1, մի քանի մանեթ էլ մոտս կար, վրեն դրի, 50 մանեթ թամամեցի, զարկեցի, էս մին. հետո արդեն տղերքն իրանց փողերը ներկայացրին ինձ (սրանք էն գրքի կենաց խմողները չեն), բայց տպագրելուց հետո դեռ 30 մանեթ պարտ մնացի տպարանին։ Այստեղ չմոռանամ Գաբոյին, որի մասին յուր ժամանակին գրել եմ։ Այս մարդն էլ գրքի առաջին նմուշն ստանալիս մոտս էր, գիրքը տեսավ և առաջարկեց հաշվից մնացած 70 ռուբլին, ես մերժեցի և վերցրի միայն 30 ռուբլի, որ դեռ մնում եմ իրեն պարտ։

Ի դեպ հիշեմ, որ բաժանորդներից յուրաքանչյուրի մեջ 2—3 կոպեկ վնաս արի։ Է՛հ, թողնենք այս հաշիվները. ես չեմ սիրում երկար խոսալ այս հաշիվներից։ Արի հիմա գրքի մասին խոսանք։ Հիշում եմ, որ մի անգամ գրել եմ, թե ինչպես են ընդունել ուսանողները գիրքս Մոսկվայում2։ Ես գրեցի, որ ես այն չեմ, ինչ որ ասում են։ Կարճ կտրենք, գիրքն եկա՜վ։ Բաժանորդներին բաժանեցի, ընկեր տղերանցի մի 5 — 6 հոգի այստեղից այնտեղից պահանջեցին ծախելու համար 20—50 օրինակ։ Տարա խմբագիրներին. հետաքրքիր է այս պատմությունը, բայց թող մնա. մի ժամանակ իրար կտեսնենք, երկար կպատմեմ։ Այստեղ չեմ կարող <չ>հիշել, որ երբ գիրքը տարա «Մուրճի» խմբագիր Արասխանյանի մոտ, տես նա ինչ ասաց գրքին նայելուց, մաքրությունն ու տիպը գովելուց հետո … «հետո չվախեցա՞ք, որ ոտանավոր գրեցիք», հասկանում ես՝ ի՞նչ է ասում։

Քեզ ուղարկած գիրքն արդեն ստացած կլինես. մեկն ուղարկեցի, որովհետև փոստում մեկն էր ձեռքիս բանդերոլում շինած։ Տպագրական լավ սխալներ կան։ Ա՜խ, Անուշավան ջան, ի՜նչպես էի ուզում, որ դու այստեղ լինես, չես կարող երևակայել։ Մախլաս։ Ահա ընդհանուր կարծիքն իմ գրքիս մասին, կան մարդիկ, որ ասում են, թե բոլորը լավն է, սրանք սուտ են ասում կամ չեն կարողանում ջոկել, կան մարդիկ, որ պոեմաներն են շատ գովում, կան՝ որոնք փոքրիկ ոտանավորները։ Բայց մի շատ համառ կարծիք կա