Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ գրքիս մասին։ Ավելի ճիշտ գաղափար տալու համար կտորներ կբերեմ։ (Կրիտիկոսը «Մուրճի» բանաստեղծ նորավարտ ֆիլոլոգ (լեզվաբան է՛լի) Լևոն Մանվելյանցն է)։ Նա հոդվածի սկզբում բողոքում է մինչև օրս մամուլի բռնած ընթացքի դեմ բանաստեղծության նկատմամբ։ Հայտնում է, որ «Հով. Հովհաննիսյանի բանաստեղծությունների լույս տեսնելուց մինչև Հով. Թումանյանի բանաստեղծությունների երևան գալը, 1887—1890 թթ., նշանավոր ժամանակամիջոց է մեր բանաստեղծության պատմության համար»։ Հայտնում է, որ ես բոլորովին երիտասարդ եմ, պետք է այդ հանգամանքն հիշելով ներողամիտ լինել, բայց անկոչ չեմ և այլն։ «Հաջողված մի քանի ոտանավորները, պոեմաների մեջ գեղեցիկ կտորները, բանաստեղծական պատկերները, բավականին կանոնավոր լեզուն, պարզ սոսկական ոճը և մասամբ հաջողված տաղաչափությունը — ահա այն նշաններր, որոնք տեղի չեն տալիս կասկածելու մեր գրողի բանաստեղծական ընդունակության մասին»,— ասում է նա. հետո «Նա յուր պոեմաների մեջ նման չէ ոչ մեր հին, ոչ նոր բանաստեղծներին, նա կանգնած է առանձնակի, նա ինքնուրույն է, նա մի տեսակ նորություն է մեզ համար, այդ առանձնահատկությունը ժողովրդական տարրն է» և այլն, — հայտնում է կրիտիկոսը։ Ապա իբրև ապացույց վերոհիշյալ արժանավորություններին՝ կտորներ է բերում։ «Ամբողջության թուլությունը—ահա մեր բանաստեղծի անբավարար կողմը», «Մանր ոտանավորների մեջ կան լավերը, կան վատերը, բայց մեծամասնությունը ոգևորելու անընդունակ… Բացի դորանից նորա մանր ոտանավորների մեջ չէ տարված այն ինքնուրույնությունը, որ նկատվում է նրա պոեմաների մեջ»: Ամբողջության կողմից թույլ է գտնում «Սաքոյին», որի մեջ իբրև ներկայանում եմ իմ բոլոր արժանավոր և թերի կողմերով։ Ես խմբագրատանը նույն իսկ ոտանավորների բառերով հերքեցի այն կետերը, որոնց զարկել էր կրիտիկոսը6։ Յուր ժամանակին կտեսնես, կխոսանք։