Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու մասին` «Իսկական հսկա է, ոնց որ Գուլիվերը լինի»: Ամեն մի, նույնիսկ մեծահամբավ գրողի չէ, որ հաջողվում է ստեղծել այնպիսի հերոսի, որի անունը դառնա հասարակ անուն։ Այդպիսի հաջողություն ունեցավ անգլիացի երգիծաբան Ջոնաթան Սվիֆթը (1667-1745), երբ գրեց «Գուլիվերի ճանապարհորդությունը»: Ի միջի այլոց, հսկայակերպ մարդկանց Գուլիվեր կոչելը ինչ-որ չափով պատահական է։ Դրա պատճառն այն է, որ մարդկանց ամենից շատ դուր եկավ Գուլիվերի ճանապարհորդությունը թզուկների աշխարհում: Մինչդեռ Սվիֆթի գրքում պատմվում է թե՛ դեպի հսկաների աշխարհը, թե՛ Լապուտա թռչող կղզին և թե՛ զարմանահրաշ ձիերի` հուիհընհընմների, երկիրը կատարած ճանապարհորդությունների մասին: Սվիֆթի այս մտացածին ու ֆանտաստիկ երկրներում Գուլիվերի արտասովոր արկածներն այնքան հրապուրիչ են, որ երեք հարյուր տարի է արդեն, ինչ նրա գիրքը տարված կարդում են և՛ երեխաները, և՛ մեծերը: Բայց Սվիֆթն այդ ամենը հորինել է բնավ էլ ոչ այն բանի համար, որ ընթերցողներին մի քիչ զվարճացնի: Նա ունեցել է նաև մեկ այլ, ավելի կարևոր նպատակ: Պատմելով օրինակ, Լիլիպուտիա երկրի մասին՝ Սվիֆթը ծաղրել է Անգլիայի քաղաքական կարգերը: Իր գրքում Սվիֆթը ցանկացել է որքան հնարավոր է ցայտուն և համոզիչ ցույց տալ մարդկանց այն ժամանակվա կյանքի այլանդակ կողմերը, դրանք այնպես պատկերել, որ ծաղր ու արհամարհանք առաջառնեն: Օրինակ, այն ժամանակներում թագավորներին ու կայսրերին հաճախ էին աստվածացնում, ուռճացնում նրանց հզորությունը, ժպիտը համեմատում արևի, զայրույթը` շանթ ու որոտի հետ: Իրականում թագավորը կամ կայսրը շատ սովորական մարդիկ էին, երբեմն` նույնիսկ ողորմելի: Ահա մեր առջև է «Լիլիպուտիայի գերհզոր արքան, տիեզերքի ուրախությունն ու սարսափը, միապետների միապետը, մարդկության որդիներից մեծագույնը, որն իր կրունկով հենվում է երկրի կենտրոնին, իսկ գլխով` հպվում արևին և իր տիրապետությունը հասցրել է մինչև աշխարհի ծայրը.. » Եվ պարզվում է, որ Գուլիվերը` անգլիացի մանր հողատիրոջ որդին, կարող է գոռոզությամբ փքուն այս «նորին մեծությանը», իր ողջ արքունիքով, մինիստրներով ու զորապետներով հանդերձ հանգիստ փաթաթել թաշկինակի մեջ ու դնել բաճկոնի գրպանը: Գրականությունը հաճախ են համեմատում կյանքն արտացոլող հայելու հետ: Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքի նման գրքերը կարելի է համեմատել խոշորացույցի հետ: Բուրժուական աշխարհի այլանդակությունները Սվիֆթի ապրած ժամանակների հետ չանհետացան: Ահա թե ինչու այս տաղանդավոր գիրքը այսօր էլ նույնքան սրամիտ է և արդիական, որքան այն հեռավոր տարիներին երբ գրվում էր:

Գունդ

Ձեզ անշուշտ, լավ ծանոթ է կլորիկ ու ողորկ գունդը։ Թե ձեռքիցդ բաց թողնես, կգլորվի կգնա: Գնդի ձև ունեն շատ մարմիններ ու առարկաներ, որսորդական հրացանի փոքրիկ կլոր կոտորակներն ու հսկա գնդաձև աստղերը, քաղցր ձմերուկներն ու գույնզգույն փուչիկները, ապակե լուսամփոփների անդորր սփռող գնդերը և անդորրը խախտող թնդանոթային ռումբերն ու ծովային ականները։ Քիչ խաղեր կան, որ առանց գնդերի են խաղում: Գնդեր են վոլեյբոլի, ֆուտբոլի ու բասկետբոլի, մեծ սեղանի թենիսի, թենիսի, բիլիարդի փոքր գնդակները: Միլիոնավոր մեծ ու փոքր մետաղե գնդիկներ են աշխատում գնդիկավոր առանցքակալներում։ Նավթի ու այլ հեղուկների հսկայական պահեստարաններ (ռեզեր վուարներ) կառուցելիս ամենաքիչ քանակությամբ մետաղ է ծախսվում, եթե դրանք պատրաստում են գնդի ձևով: Գնդաձև էր նաև Երկրի սովետական առաջին արբանյակը։ Գնդի կենտրոնում մի շատ հետաքրքիր կետ կա, որը հենց այդպես էլ անվանում են` «գնդի կենտրոն»։ Եթե կենտրոնից ուղիղ գծով ճանապարհորդության դուրս գանք, ապա, որ ուղղությամբ էլ շարժվենք, գնդի կենտրոնից մինչև նրա մակերևույթը եղած հեռավորությունը միշտ նույնը կլինի: