Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուտելուց հետո որսորդը կարող էր ամբողջ օրն առանց հոգնելու հետապնդել գազանին, իսկ բանգիի պտուղներ «ճաշակած» մարդը խելագարի նման ջղաձգվում էր ու զառանցում:

Ավանդությունը պատմում է, որ դեղորայքային թունավոր մահամորմը (շիկատակը) շոտլանդական մի գյուղի բնակիչներին օգնել է փրկվելու թշնամիներից: Գյուղը գրաված դանիացի զինվորները ի նշան հաղթանակի գարեջուր են խմել և հաղթողներից վերածվել պարտվածների: Դանիացի զինվորներին կաթվածահար էր արել մահամորմի թունավոր հյութը, որ շոտլանդացիները խառնել էին գարեջրին։

Բույսերի մեջ թաքնված ուժը հնում մարդկանց մոգական, կախարդական էր թվում նրանց տգիտության պատճառով: Նրանք հավատում էին, թե կան այնպիսի խոտեր, որ կարող են ցույց տալ թաքցրած գանձի տեղը, վնասել հիշողությունը, սիրելի դարձնել չսիրած մարդուն: Շատ լեգենդներ են հյուսվել ժենշենի և մանդրագորայի (մարդախոտի)՝ փոքրիկ մարդուկների նմանվող արմատների մասին: Հրաշք էր թվում, որ ժենշենի արմատը կենսահյութով է լցնում տկարացած, հոգնած մարդու մարմինը։ Ժամանակի ընթացքում գիտությունը կարողացավ բացատրել, թե ինչու է այս կամ այն բույսը մեզ բուժում, և անհավանական հնարովի պատմությունները հողմացրիվ եղան:

Այսօր էլ բազմաթիվ դեղաբույսեր օգտագործվում են բժշկության մեջ, ծառայում մարդկանց: Գիտության նվաճումների շնորհիվ մարդը կարողացել է մանրամասն ուսումնասիրել բույսերի քիմիական բաղադրությունը և նոր հայտնագործություններ արել: Բաղնիքի բորբոս կոչված սնկից այսօր պատրաստում են պենիցիլին դեղը։

Որոշ դեղաբույսեր մշակում են պլանտացիաներում, օրինակ, անանուխը, որի համն առավոտյան զգում է ամեն ոք, ով չի ծուլանում լվանալ ատամները։ Ատամի փոշուն դուրալի համ ու հոտ և թարմացնող հատկություն է տալիս մենթոլը՝ անանուխի յուղի հիմնական մասը։ Մենթոլ կա վալիդոլի և սրտային ու ցավամոքիչ այլ դեղերում՝ անանուխաբլիթներում, անանուխի կարամելում. այս վերջինը տեղ է զբաղեցրել նաև տիեզերագնացների օրապահիկի մեջ:

Սովետական Միությունը հարուստ է նաև վայրի դեղաբույսերով: Անտառում օրինակ աճում է հովտաշուշան, որից դեղ են պատրաստում հիվանդ սրտի համար, բացատներում և խոնավ մարգագետիններում՝ կատվախոտ, որն ունի հանգստացնող ազդեցություն։ Մարգագետնում ամեն քայլափոխի կհանդիպես որևէ դեղաբույսի. ահա սա սրոհունդ է (արևքուրիկ), որի մասին ժողովուրդն ասում է, թե 95 հիվանդություն է բուժում, սա արջականջ է, սա արյունխմիկ, հազարատերևուկ, բոգ (օձի դեղ), կղմուխ (ձվախոտ):

Երեխաներ, դուք ևս կարող եք մարդկանց օգտակար շատ դեղաբույսեր հավաքել:

Դեղահումքը հավաքում են լավ եղանակին, երբ ցողն արդեն գոլորշիացած է լինում: Պետք է հիշել, որ շատ բույսեր թունավոր են, դրա համար էլ չի կարելի դրանք բերանը տանել կամ բույսերը հավաքելու ժամանակ ձեռքերը հպել աչքերին։ Հավաքել վերջացնելուց հետո ձեռքերը պետք է խնամքով լվանալ:

Չի կարելի հավաքել աղտոտված և հիվանդ բույսերը: Շրջանային դեղատանը ձեզ մանրակրկիտ կպատմեն թե ինչ, երբ և ինչպես հավաքեք։

Դեղախոտեր հավաքելիս միշտ անհրաժեշտ է նրանց մի մասն անձեռնմխելի թողնել, որպեսզի այդ արժեքավոր բույսերը պահպանվեն նաև ապագայի համար։

Բույսերի բուժիչ հատկությունների մասին հայ իրականության մեջ առաջին գրավոր վկայությունն արել է դեռևս 5-րդ դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացին, իսկ դրանք որպես դեղամիջոց օգտագործել են Մխիթար Հերացին և միջնադարի հայ բնագետ-բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին։


Դեղձենի

Մեր հանրապետության ցածրադիր շրջանների այգիներում գարնանը ծիրանենիների նշենիների ու խնձորենիների առատ սպիտակ ծաղիկների մեջ անմիջապես աչքի են զարնում դեղձենու վարդագույն ծաղիկները:

Ենթադրվում է, որ դեղձենին չինական բույս է, որն, իբր, շատ հնում բերվել է Մերձավոր Արևելք, այդ թվում Պարսկաստան, այստեղից էլ տարվել Եվրոպա։ Եվրոպացիներին շատ դուր եկավ «պարսկական սալորը» (այդպես նրանք անվանեցին նորահայտ բույսը, համարելով, թե