Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայելու մեջ: Միայն թե պարզվեց, որ այդ հայելին իրոք որ «կախարդական» էր, որովհետև անցել են արդեն հազարավոր տարիներ, բայց նրա մեջ արտացոլված պատկերներն ապրում են ու ապրում: Եվ մեզանից յուրաքանչյուրը կարող է ամեն անգամ տեսնել նրանց, երբ թերթի առասպելների մասին գրքերը։

Առասպելների մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքերում.
Լիսիցյան Ստ., Ծաղկաքաղ, Ե, «Հայաստան», 1969։
Ղուկասյան Ա., Հայրենի ավանդավեպեր, Ե., Հայպետհրատ, 1960:


Առյուծ


Աֆրիկյան սավաննայի վրա իջավ գիշերը: Գյուղում քուն մտան մարդիկ, փարախներում հանդարտվեցին այծերն ու ոչխարները, ննջել սկսեցին կապված ձիերն ու ուղտերը: Եվ հանկարծ լսվեց մի մռնչյուն, կարծես ամպրոպ ճայթեց: Արթնացան մարդիկ, խուճապահար եղան կենդանիները: Իսկ ահեղ, ամեն ինչ ցնցող մռնչյունը կրկնվեց, գազանների արքա առյուծն է, որ որսի է ելել։ Զուր չեն նրան այդպես անվանել։ Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե մեկը համեմատվի առյուծի հետ: Նա չի թաքնվում, գաղտագողի չի հարձակվում զոհի վրա: Առյուծը հպարտ նախազգուշացնում է՝ զգուշացեք, գազաններ, որսի եմ ելել։ Զգուշացիր, վարազ և դու, շերտավոր վագերաձի, արագավազ այծքաղ և հզոր գոմեշ: Զգուշացեք բոլորդ, առյուծը կարող է նույնիսկ գյուղ ներխուժել և վախեցած մարդկանց աչքի առաջ քարշ տալ տանել մատղաշ ցլիկի կամ կովի։