Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա սողում էր բլուրն ի վեր։ Սողում էր դանդաղ, բայց համառ մի լարումով։ Քարերն ու տատասկները քրքրում էին ծնկներն ու արմունկները։ Թևի վերքից արյուն էր ծորում։ Ետ չէր նայում։ Գիտեր որ ետևից գալիս է դասակը՝ իր նման զինվորական համազգեստ հագած երիտասարդ տղաներ...

Հիշեց լեռների գրկում ծվարած հայրենի գյուղը։ Որքա՜ն է վազել սարն ի վեր, մագլցել կատարը։ Այնտեղից բացվում էր անծայր հորիզոնը և նրան թվում էր, թե ինքը տեսնում է ամբողջ աշխարհը, և ամբողջ աշխարհն էլ իրեն է տեսնում։

Ծարավ զգաց։ Գուցե հիշեց իրենց սարի գլգլան աղբյուրները։ Հավավաբար շատ արյուն էր կորցրել։ Թևի վերքը տնքում էր, ցավում էին վնասված ծնկներն ու արմունկները։

Ահա հրակնատը մի քանի քայլի վրա է։ Գնդացիրը մահ ու արյուն էր սփռում շուրջը։ Հունանը ասես մոռացավ ցավը, ծարավը, ծնկների ու արմունկների կսկիծը։ Հրակնատը, մահվան այդ սոսկալի երախը, կարող է կուլ տալ ոչ միայն իրեն, այլև իր մարտական ընկերներին։

Պետք է փրկել նրանց։ Պետք է կատարել հրամանը։ Բայց ինչպես վերջ դնել գնդակների այդ մոլեգին տարափին։

Որոշումը եկավ միանգամից անսպասելի։ Պրկված զսպանակի նման նա պոկվեց պառկած տեղից, կանգնեց ողջ հասակով։ Դոլգայա լեռան բարձունքից փչող քամին ծածանեց նրա թիկնոցի փեշերը։ Դեմքը լարված էր, վճռական։ Չի՛ թողնի, որ ընկերները զոհվեն, թույլ չի տա, որ հրամանը չկատարվի։ Ու լարվեց նա, ձգվեց վազքի թափից։ Եվս մի քայլ, և վայր ընկնելով ծածկեց մահվան երախը։ Գնդացիրը ճարճատեց՝ խլելով ևս մի կյանք, բայց վերջինը...

Վերջին պահին Հունանի հայացքի առջև փռվեց անծայրածիր հորիզոնը։ Նրան թվաց, թե տեսավ ողջ աշխարհը... և ողջ աշխարհն էլ տեսավ իրեն։

Հեռվից գարնան ամպրոպի որոտի պես թնդաց Դոլգայա բարձունքը գրավող նրա ընկերների միահամուռ ուռան։ Բայց նա այդ ուռան չլսեց այլևս։

Աջ ձեռքին ավտոմատը, ուսերին լայն ծփացող թիկնոցը, լարված վճռական դեմքով կանգնած է Հունան Ավետիսյանը։ Թվում է, թե ուր որ է առաջ է նետվելու, որպեսզի փակի մահվան ճանապարհը։ Բայց նա բրոնզե արձան դարձած հավիտյան կանգնած է հայրենի Ղափանում։ Կանգնած է և այստեղից արդեն սկսվել է նրա երկրորդ՝ հավերժական կյանքի ճանապարհը։

ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1944 թ․ մայիսի 16-ի հրամանագրով Հունան Ավետիսյանին ետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։

Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի շրջանի Վերխնի Բականսկի բանավանում մի եղբայրական գերեզման կա։ Այնտեղ է թաղված հայ քաջորդի Հունանը։

Հ․ Ավետիսյանի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ հետևյալ գրքում․

Մալխասյան Ա. Պ., Անմահություն, Ե․, Հայպետհրատ, 1959։

Ավիցիա

Թռչող մեքենաների առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։

Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել ամենաարտասովոր թռչող ապարատների ստեղծումով։ Ոմանք նմանակում էին թռչուններին, մարմնին թևեր էին հարմարեցնում և այդպես ուզում էին օդ բարձրանալ։ Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե իր մկանների, այլ բանականության ուժով։

1885 թ․ ռուս ծովային սպա Ա․ Ֆ․ Մոժայսկու նախագծով ստեղծվեց աշխարհում առաջին թռչող ապարատը, որով մարդը կարող էր օդ բարձրանալ։ Այն ուներ ժամանակակից ինքնաթիռի բոլոր հիմնական տարրերը՝ իրան, թև, պոչաթև շասսի, կառավարման հարմարանք, շարժիչային տեղակայանք։ Փորձարկումներից մեկի ժամանակ ինքնաթիռը գետնից կտրվեց, բայց թեքվեց կողքի ու կոտրեց թևը։ Ցարական կառավարությունը չընդառաջեց տաղանդավոր կոնստրուկտորի ձեռնարկումին, և Մոժայսկու ինքնաթիռի կառուցման աշխատանքները դադարեցվեցին։

Միաժամանակ տասնյակ գյուտարարներ թևավոր մեքենաներ էին ստեղծում ուրիշ շատ երկրներում։ Այդ գործում հաջողության հասան հատկապես ամերիկացի Ռայթ եղբայրները։ 1903 թ․ դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող