Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեծ մոլորակներից բացի, Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր փոքր մոլորակներ, որոնց անվանում են աստերոիդներ (աստղակերպեր): Ամենամեծ աստերոիդի՝ Ցերերայի, տրամագիծը 1003 կմ է: Արեգակի արբանյակներից են նաև գիսավորները: Սրանց գլուխների ետևից փայլատակող քղանցքների նման երկնակամարով մեկ ձգվում են գազից ու փոշուց կազմված պոչերը՝ գեսերը (այստեղից էլ գիսավոր անունը)։ Դա շատ գեղեցիկ տեսարան է: Աստերոիդները և գիսավորները քայքայվում են։ Դրանց մասնիկները՝ ասուպները, մթնոլորտ ընկնելով, այրվում են: Բայց ասուպային որոշ մասնիկներ ամբողջությամբ չեն ոչնչանում և քարի ու երկաթի բեկորների՝ երկնաքարերի տեսքով ընկնում են Երկրի վրա:

Միջմոլորակային ողջ տարածությունը լցված է տիեզերական մանրագույն փոշեհատիկներով և գազի մասնիկներով: Տիեզերքում և Արեգակնային համակարգում գտնվող բոլոր մարմինների շարժումը կառավարում է տիեզերական ձգողությունը։ Այդ մասին դուք կարող եք կարդալ «Նյուտոն Իսահակ» զրույցում:

Արեգակնային ողջ համակարգը՝ Արեգակն ինքը, մոլորակները, գիսավորները, մտնում է աստղային հսկա համակարգի՝ Գալակտիկայի կազմի մեջ: Մեր Արեգակնային համակարգը վայրկյանում մոտ 250 կմ արագությամբ պտտվում է Գալակտիկայի կենտրոնի շուրջը։ Մեկ պտույտը նա կատարում է մոտ 200 մլն տարում։

Պատկերացնելու համար, թե ժամանակի ինչ հսկայական հատված է այդ, ասենք, որ մեր մոլորակը գոյություն ունի «ընդամենը» 4,5 միլիարդ տարի։

Արեգակնային համակարգը մեր «տունն» է անծայրածիր Տիեզերքում:

Արևադարձային անտառ

Երկրագնդի առավել տաք գոտիներից են արևադարձային գոտիները, որոնք տեղավորված են հասարակածին մոտ։ Արևադարձային գոտիներում բնությունն ստեղծել է յուրօրինակ բնական ջերմոց՝ հաստատուն, հավասարաչափ ջերմությամբ, առատ տեղումներով: Եվ բուսական աշխարհն էլ այստեղ զարմանահրաշ է: Անտառն առաջացնում է խիտ թավուտներ, որոնց միջով անցնելը շատ դժվար է, իսկ երբեմն էլ անհնարին: Ծառերը ձգտում են վեր դեպի լույսը, թանձր ստվերով վարագուրելով անտառը։ Այստեղ հավերժական կանաչի թագավորություն է, հավերժական ամառ:

Արևադարձային գոտիների բուսականությունն արտակարգ բազմազան է։ Անտառն, ասես, մի քանի հարկանի լինի. առանձին ծառեր հասնում են մինչև 60 մետրի՝ քսան հարկանի շենքի բարձրության։

Ծառերի տերևները հոծ են, խոշոր և հաստակեղև։ Դրանք հիշեցնում են տնային ֆիկուսի տերևները, որը ծագումով նույնպես արևադարձային բույս է: Հաստ կեղևը տերևներին պաշտպանում է բարկ արևից:

Արևադարձային անտառի բնորոշ բույսերը լիաններն են: Նրանք կառչում են ծառերի բներին և մագլցում վեր՝ դեպի լույսը։ Լիանները փաթաթվում են ծառերին, կախվում ցած, ձգվում ծառից ծառ և հասնում են հսկայական, հաճախ 100 մետրից ավելի երկարության:

Արևադարձային գոտիներում շատ են նաև ամենաբազմապիսի արմավենիները՝ բարձր, հսկա ծառերից մինչև ցածրիկ թփերը: Կան նույնիսկ արմավենի-լիաններ։ Բարձր արմավենիներն ունեն գլանաձև, ողորկ բուն: Որոշ ցածրիկ արմավենիներ բուն ամենևին չունեն, միայն տերևների պսակն է։

Լույսին ավելի մոտ լինելու համար շատ բույսեր աճում են ոչ թե հողի, այլ ծառերի բների ու ճյուղերի վրա: Այդ բույսերից առավել գեղեցիկ են խոլորձները, որոնք նման են հսկա, վառ թիթեռների:

Արևադարձային գոտիներում աճում են ադամաթզենի (բանան), հնդկեղեգ, ծառանման պտերներ, խոլորձներ և շատ ու շատ այլ բույսեր։ Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ մարդուն օգտակար այդքան շատ բույսեր չկան: Արևադարձային անտառը