Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապկի ծագումնաբանական կապը, գտել հիվանդությունների բուժման նոր միջոցներ, մշակել տրամաբանության ճիշտ դատելու մասին գիտության, հիմունքները։ Բայց Արիստոտելը նախ և առաջ փիլիսոփա էր և ստեղծեց պետության բնույթի, մարդկային կյանքի նպատակների մասին իր ուսմունքը:

Արիստոտելն, անշուշտ, ամեն բանում չէ, որ ճիշտ էր։ Գիտության այն ժամանակվա մակարդակի համար դա բնական էր: Օրինակ, նա գտնում էր, որ Երկիրը գտնվում է Տիեզերքի կենտրոնում:

Արիստոտելը արտակարգ շատ բան է արել գիտության զարգացման համար։ Եվ նրա գլխավոր ծառայությունն այն է, որ ցույց տվեց, թե ինչպես պետք է աշխատի գիտնականը, եթե ուզում է ուսումնասիրել բնությունը։ Նա առաջիններից էր, որ որպես փորձանմուշ օգտագործեց կենդանիներին, առաջինն էր, որ սկսեց կազմակերպել բնության երևույթների մշտական գիտական դիտումներ, հավաքել գիտական հավաքածուներ։

Կարլ Մարքսը Արիստոտելին անվանել է հին աշխարհի մեծագույն մտածող:

Մեր թվականությունից առաջ 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել էր իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, և դրա համար էլ նրա աշակերտներին կամ հետնորդներին անվանում էին պերիպատետիկներ (այս հունարեն բառը նշանակում է զբոսնողներ, ճեմողներ): Հայաստանում, հետևելով այդ ավանդույթին, որոշ բարձրագույն դպրոցներ անվանում էին ճեմարան (օրինակ՝ Գևորգյան ճեմարանը Էջմիածնում, Լազարյան ճեմարանը՝ Մոսկվայում): Հին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել Արիստոտելի ստեղծագործություններին: Նրա բազմաթիվ երկերի հայերեն թարգմանությունները հնագույններից են աշխարհում և աչքի են ընկնում մեծ ճշգրտությամբ: Հայ ականավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը հատուկ աշխատություններ է նվիրել Արիստոտելի ստեղծագործություններին, իսկ իր հիմնական երկում մեկնաբանել է նրա փիլիսոփայությունը։ Անանիա Շիրակացին լուսաբանել է բնության և Տիեզերքի մասին Արիստոտելի աշխատությունները: Արիստոտելի երկերին քաջատեղյակ են եղել հայ փիլիսոփաներ Գրիգոր Մագիստրոսը (11-րդ դար), Հովհաննես Սարկավագը (11—12 րդ դարեր), Վահրամ Րաբունին (13-րդ դար), Հովհաննես Որոտնեցին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին (14-րդ դար): Այսօր էլ սովետահայ փիլիսոփաները հաճախ են անդրադառնում Արիստոտելի փիլիսոփայությանը:

1977 թ. Երևանում հրավիրվել է Արիստոտելին նվիրված գիտաժողով:

Արծիվ

Սովետական Միության տարածքում ապրում են յոթ տեսակի արծիվներ, բայց նրանց մեջ ամենաերևելին, անշուշտ, քարարծիվն է: Նա այնքան մեծ է և ուժեղ, որ կարող է նույնիսկ գայլին հաղթել: Մեր երկրում (Կովկասում և Միջին Ասիայում) քարարծվով որս են անում շատ վաղուց:

Որսորդը նախ փոքրիկ քարարծվին հանում է բնից: Դա շատ վտանգավոր է, որովհետև բույնը գտնվում է անմատչելի ժայռերի մեջ, իսկ մայր և հայր արծիվները խիզախաբար պաշտպանում են իրենց ձագուկներին։ Հետո էլ ջահել արծիվը դեռ պետք է ընտելանա տիրոջը։ Ապա սկսում են վարժեցնել նրան: Վերջապես արծիվն արդեն վարժեցված է, ամրացել են նրա հզոր թևերը։ Եվ ահա որսորդն արծվի հետ ճանապարհվում է որսի:

Վիթխարի թռչունը, լայն բացելով երկու մետրանոց թևերը, բարձր ճախրում է երկնքում: Ահա սրատես աչքերը նկատեցին գայլին։ Պտույտ պտույտի ետևից, ասես դժկամորեն արծիվն սկսեց իջնել, իսկ հետո հանկարծ ծալեց թևերն ու կայծակի