քոր է գալիս, նա էլ կիսաքուն վիճակում արշեր լիզելով մաքրում է հին կաշին: Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար արջին ծուռթաթ են անվանել։ Բայց իզուր, արջն արագաշարժ է և կարող է վազել-հասնել նույնիսկ ձիուն: Գորշ արջերը լավ են վարժեցվում: Անցյալում գնչուներն արջ էին պտտեցնում գյուղերով ու քաղաքներով, զարմանահրաշ բաներ ցուցադրում: Իսկ կրկեսում արջերին սովորեցրել են, նույնիսկ, հեծանիվ և մոտոցիկլետ վարել։ Գորշ արջերը բարեկամանում են վարժեցնողների հետ: Իսկ, այ, սպիտակ արջերը վատ «աշակերտներ» են: Փորձված շատ վարժեցնողներ սպիտակ արջին համարում են ամենավտանգավոր գազանը:
Արսենև Վլադիմիր Կլավդիևիչ
Գիտնական, ճանապարհորդ, գրող. ահա թե ով էր Վ. Կ. Արսենևը: Այն ամենը, ինչ նա պատմում է իր գրքերում, տեսել ու ապրել է ինքն անձամբ և սկզբում գրի առել ճամփորդական օրագրերի կամ նոթերի ձևով: Դրանց շատ էջեր ծխահարվել են անտառային հրդեհներից, քրքրվել լեռնային սառնաշունչ քամուց, խանձվել երթային խարույկների կայծերից: 1899 թ. երիտասարդ սպա Արսենևը որոշ ժամանակով ծառայության ուղարկվեց Հեռավոր Արևելք։ Բայց, երբ տեսավ Ուսուրական անծայրածիր տայգան, Սիխոտե Ալինի վայրի լանջերը, լայնահուն գետերն ու օվկիանոսի անհյուրընկալ ափերը, հասկացավ, որ ընդմիշտ կմնա այստեղ: Արսենևը տեսնում էր այդ գրեթե չհետազոտված երկրամասի անհատնում հարստությունները և քաղցից ու հիվանդություններից մեռնող տեղացիների սոսկալի աղքատությունը։ Վաճառականները գալիս հասնում էին տայգա, որսորդներին և ժենշեն որոնողներին հարբեցնում ոգելից խմիչքով և չնչին գներով նրանցից գնում բուժիչ «կյանքի արմատը», սամույրի և սևագորշ աղվեսի թանկարժեք մորթիները: Այդ մորթիների և այլանդակ մարդուկի նմանվող փոքրիկ արմատների համար, որոնք գտնելն ավելի դժվար էր, քան ոսկու բնակտորը, նրանք պատրաստ էին մարդ սպանել։ Այդպես սպանեցին Արսենևի լավագույն բարեկամին ու հավատարիմ ուղեկցին, հիանալի բնախույզ, տայգաբնակ Դերսու Ուզալային, որը շատ անգամ էր փրկել Վլադիմիր Կլավդիևիչի կյանքը, ազատել նրան բազմաթիվ փորձանքներից: Իր հավատարիմ բարեկամի և ուղեկցի հիշատակին Արսենևը գրեց «Դերսու Ուզալա» հետաքրքիր գիրքը, որը լույս է տեսել նաև հայերեն, և դուք կարող եք կարդսզ այն: Ուժեղ, տոկուն, հանդուգն ու արի Արսենևը միշտ առաջինն էր խիզախում, չէր խուսափում ոչ մի աշխատանքից և ամենահուսահատ պահերին կարողանում էր առույգություն և աշխուժություն ներարկել ուղեկիցներին։