Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայտից կամ աղյուսից, տանիքները ծածկում են ծղոտով, արմավենու տերևներով, իսկ ով հարուստ է` թիթեղով: Երբ գետերը վարարում են, մարդիկ հաճախ միայն նավակներով են միմյանց այցելում: Տները շրջապատված են դաշտերով և մրգի այգիներով, ցանքի համար օգտագործվում է յուրաքանչյուր հողակտորը: Ողողվող դաշտերում մշակում են բրինձ, որը բենգալացիների գլխավոր սնունդն է: Մշակում են նաև բանջարեղեն, ադամաթզենի (բանան), կոկոսյան արմավենի։ Շնորհիվ այն բանի, որ ջերմությունն ու խոնավությունն առատ են, տարվա ընթացքում դաշտերից հավաքում են երկու և, նույնիսկ երեք բերք։ Դաշտերը մշակելու համար օգտագործում են գոմեշներ, իսկ բրինձը ձեռքով են տնկում: Երկրռւմ շատ ջուտ են աճեցնում: Նրա երկար և դիմացկուն մանրաթելերից հյուսում են ճոպաններ, պարկի գործվածք, գորգեր։ Ջուտի բերքահավաքով և արտահանությամբ Բանգլադեշը աշխարհում առաջին տեղերից մեկն է գրավում։ Արտահանում են նաև թեյ: Երկրում մեծ քաղաքներ, գործարաններ և ֆաբրիկաներ գրեթե չկան: Բանգլադեշի ամենամեծ քաղաքը մայրաքաղաք Դաքան է։ Բանգլադեշը հարևան երկրների հետ պահպանում է բարեկամական հարաբերություններ: Հնդկաստանի հետ կնքված է խաղաղության բարեկամության և համագործակցության պայմանագիր։ Բանգլադեշը համագործակցում է Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների հետ:

Բանջարանոց

Հին արևելյան քաղաքի այգիներում տեղը նեղ էր գալիս, որովհետև այնտեղ կողք կողքի աճում էին դեղձենին ու սեխը, վարդենին ու ձմերուկը: Այժմ ձմերուկը, սեխը, դդումը, լոլիկն ու վարունգը, տաքդեղն ու սմբուկը աճեցնում են առանձին դաշտերում, որոնք կոչվում են բանջարանոց, իսկ այդ բույսերը` բանջարանոցային բույսեր կամ բանջարեղեն: Իրանը, Աֆղանստանը, Սովետական Միության միջինասիական հանրապետություններն աշխարհի լավագույն սեխի հայրենիքն են: Այդ երկրներում սեխը սիրել են վաղուց։ Այն փոխարինել է ճաշին թե՛ դաշտում աշխատելիս, թե՛ հեռավոր ճամփորդության ժամանակ: Ով սեխ ուներ, ճանապարհին ո՛չ ծարավ կզգար, ո՛չ էլ քաղց։ Սեխի հյութով քաղցրաբլիթներ էին թխում, սեխով բուժվում էին։ Բայց առանց ջրի սեխ չես աճեցնի: Հնում ոռոգման առուները քիչ էին և միայն հարուստներին էին պատկանում: Նրանք կարող էին սպանել գյուղացուն, եթե նա ինքնակամ ջուր վերցներ այնտեղից: Անցյալում ուզբեկ գյուղացին սեխի սերմը զետեղում էր ուղտափշի արմատակոճղի ճեղքի մեջ, որպեսզի ուղտափշի հզոր արմատները ջուր հայթայթելով հողի խորքերից առաջին օրերը սնեին սեխիկին: Այժմ ուզբեկական սեխը «դայակ» ուղտափշի կարիք չունի։ Ջուրն առատորեն կոլտնտեսային բանջարանոցներ է հոսում ջրանցքներից, որոնք կառուցել է ազատագրված ժողովուրդը: Պովոլժիեի, Հյուսիսային Կովկասի, Մոլդավիայի բանջարանոցներում առաջնությունը սեխից անցել է ձմերուկին: Հնում փառաբանված էին աստրախանցի «ձմերուկի վարպետները»: Ձմերուկի սերմերը Վոլգայի ափին գտնվող նավահանգստային քաղաք էին բերել Արևելքի վաճառականները: Եվ կանաչով ծածկվեցին բանջարանոցները Աստրախանի մոտակայքում, իսկ հետո նաև` ամբողջ ստորին Վոլգայի երկայնքով: Վոլգյան ձմերուկները տանում էին ոչ միայն մայրաքաղաք` ցարի սեղանին մատուցելու, այլև արտասահման` Փարիզ: Ռուսական տափաստանային ձմերուկներն ավելի քաղցր էին, քան ֆրանսիականները, որոնք աճում էին մերձծովյան խոնավ կլիմայի պայմաններում։ Արևի տակ պտղի մեջ կուտակվում է շաքար, իսկ երաշտին