ու հնդկեղեգից ունեն հյուսածո պատեր, պատշգամբ և դուրս կախված երկլանջ ծածկ։ Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք հագնում են բաց գույնի կարճ վերնազգեստ և երկար շրջազգեստներ՝ լոնջիաներ: Բիրմացի կանանց սանրվածքը բարձր է ու բարդ: Տղամարդիկ գլխներին թաշկինակ են կապում:
Բիրմայի մայրաքաղաքը՝ Ռանգունը, գտնվում է Իրավադի գետի վտակներից մեկի վրա: Այն խոշոր արդյունաբերական քաղաք է և նավահանգիստ Բիրմայի կենտրոնական մասում՝ Իրավադիի ափին է իր նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքը՝ Մանդալայը, որը հռչակված է ոսկերչական գեղեցիկ իրեր, փայտե տուփեր ու գավաթներ պատրաստող հմուտ արհեստավորներով:
Բիրմայի բոլոր քաղաքներում կհանդիպես բուդդայական շատ տաճարների։ Դեռ հեռվից երևում են դրանց պագոդաները՝ շրջած ձագարի նմանվող մեծ կոնաձև աշտարակները։ Սովորաբար դրանք ձյունաճերմակ են լինում, բայց Ռանգունի գլխավոր տաճարի՝ Շուեդագոունի հսկա պագոդաները վերից վար ոսկեզօծ են:
Բիրման երկար ժամանակ եղել է անգլիական գաղութ։ 1948 թ. միայն նա անկախություն ձեռք բերեց: 1962 թ. իշխանության գլուխ անցավ Հեղափոխական խորհուրդը: Արդյունաբերության մեծ մասը դարձավ պետության սեփականությունը։ Երկրում իրականացվում են դեմոկրատական կարևոր բարեփոխումներ: Հանրապետությունն ընթանում է զարգացման ոչ կապիտալիստական ուղիղ: