Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այն այլևս չլուծվի։ Բարակ մետաքսա թելի ծայրին կապեք աղի մի ավելի խոշոր բյուրեղ: Երբ լուծույթը սառչի, անոթի մեջ իջեցրեք այդ բյուրեղը։ Մի քանի օր անց կտեսնեք, որ բյուրեղը խոշորացել է: Մետաքսաթելի վրա կարող է գոյանալ նույնիսկ բյուրեղների գեղեցիկ մի շարան, և քանի անգամ էլ կրկնեք այդ փորձը, նրանք բոլորն էլ կունենան նույն ձևը։ Բայց որոշ նյութեր ունեն բյուրեղային ոչ թե մեկ, այլ երկու, երեք և նույնիսկ ավելի, խիստ որոշակի ձևեր։ Այդպիսին է օրինակ ածխածինը: Նայած, թե ինչպես են դասավորված նրա ատամները, այն դառնում է կամ ալմաստ` գեղեցիկ, թափանցիկ, աշխարհում ամենակարծր քարը, կամ մոխրասև փափուկ գրաֆիտ, որը դուք տեսնում եք մատիտի մեջ: Բյուրեղներն այլ հատկություններ էլ ունեն, բյուրեղի երկայնքով և լայնքով ջերմությունը միատեսակ չի հաղորդվում: Տաքացնելիս բյուրեղը տարբեր ուղղություններով, տարբեր չափով է ընդարձակվում։ Գիտնականները ջանադիր ուսումնասիրում են բյուրեղները: Այսօր մանրադիտակից և ռենտգենյան ճառագայթներից բացի, նրանց ուսումնասիրման համար կան շատ այլ միջոցներ: Բյուրեղներից պատրաստում են խիստ անհրաժեշտ բազմաթիվ առարկաներ։ Օրինակ, կիսահաղորդիչ բյուրեղները կիրառվում են ռադիոտեխնիկայում: Ժամացույցի քարերը նույնպես բյուրեղներ են: Բյուրեղները բազմաթիվ ուրիշ կիրառություններ էլ ունեն:

Բնազդ

Մեծ, ուժեղ սաղմոն ձուկը համառորեն լողում է փոքրիկ, գրեթե իսպառ ցամաքած գետակի հոսանքն ի վեր։ Քարքարոտ հատակը վնասում է նրա կողերը, ջղաձգորեն ցնցվում են ջրով հազիվ ծածկված խռիկները։ Սակայն չկա մի ուժ, որն ընդունակ լինի հարկադրելու նրան շրջվելու ետ, դեպի լայնատարած օվկիանոսը: Որովհետև ձկնկիթից նա այստեղ է ծնվել, և պետք է որ այստեղ էլ լույս աշխարհ գա նրա սերունդը։ Այդ է պահանջում բնազդը, այսինքն՝ կենդանու վարքի «գլխավոր» ծրագիրը, որ նա ժառանգել է իր նախնիներից Բնազդն է հենց, որ արջին հարկադրում է հարմար որջ փնտրել ձմռան համար և տերևներ փռել այնտեղ: Մեղուն կարողանում է մեղրահաց պատրաստել, թեև շատ անգամ տեսած էլ չի լինում, թե ինչպես են դա անում մյուս մեղուները: Բնազդի շնորհիվ առափնյա ծիծեռնակը բնադրում է գետնին, կավաշատ զառիթափերին, իսկ գյուղական ծիծեռնակը` տան տանիքների տակ: Ինչպես ուսուցիչը, կյանքն էլ ամեն օր նոր խնդիրներ է առաջադրում` ինչպես վարվել զանազան դժվար դեպքերում ողջ մնալու համար: Եվ եթե շատ դարերի ընթացքում կենդանիները հանդիպում են միևնույն խնդիրներին, դրանք այլևս չեն լուծում։ Մշակվում է որոշակի բնազդ, որը և ղեկավարում է նրանց վարքը: Դա անշուշտ շատ հարմար է, սակայն լինում է և այնպես, որ ժամանակի ընթացքում այս կամ այն կենդանու կյանքի պայմանները փոխվում են։ Իսկ նոր պայմաններում արդեն բնազդը կարող է ոչ թե օգուտ բերել, այլ վնասել: Օրինակ, ամերիկյան բիզոններն ունեին նախիրներով ապրելու ուժեղ բնազդ։ Նախրով հեշտ էր պաշտպանվելը թե՛ արջերից և թե՛ գայլերից: Բայց երբ հայտնվեց հրացանավոր մարդը, առավելությունը դարձավ թերություն, որովհետև նախրի մեջ ժողովված կենդանիներին կոտորելն ավելի հեշտ է: Բնազդը կույր է, այո՛, և երբեմն, ինչպես տեսնում եք, այն կարող է նույնիսկ կորստյան մատնել կենդանի էակին, բայց առանց բնազդի էլ տեսակն ամբողջությամբ վերցրած չէր կարող գոյատևել: Տեսակի համար բնազդները նպատակահարմար են և օգտակար։

Բնակարան (Կացարան)

Ուր էլ որ բնակվելու լինի մարդը, տաք երկրում, թե բևեռային շրջանից այն կողմ, ծովի ափին թե բարձր լեռներում, անպայման պետք է բնակարան ունենա, որպեսզի պատսպարվի շոգից ու ցրտից, անձրևից ու քամուց։ Մարդիկ միշտ էլ իրենց տները կառուցել են այն ամենից, ինչ ունեցել են ձեռքի տակ` հարմարվելով բնության պայմաններին: Հին ժամանակներում մարդը որպես կացարան օգտագործել է քարանձավները, շինել գետնափոր տներ և պարզ հյուղակներ: Այդպիսի քարայր-բնակարաններ կային Հայաստանի ժայռաշատ վայրերում`