Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուտով Բրունոն ինքն սկսեց գրքեր գրել և սովորեցնել ուրիշներին: Նա համամիտ էր լեհ մեծ գիտնական Կոպեռնիկոսի հայացքներին, իսկ Կոպեռնիկոսն ասում էր, որ ոչ թե Արեգակն է պտտվում Երկրի շուրջը, այլ Երկիրը Արեգակի: Բրունոյի համարձակ միտքն ավելի հեռուն էր տեսնում։ Նա հասկացավ և ուրիշներին բացատրեց, որ կյանքը հնարավոր է ոչ միայն Երկրի վրա, որ Տիեզերքն անվերջ է և կազմված է բազմաթիվ աշխարհներից: Բրունոն սուր ծաղրի էր ենթարկում տերտերներին և եկեղեցուն, մարդուն կոչ անում թափանցել Երկրի և երկնքի առեղծվածների խորքերը։ Նա այդ մասին գրում էր թե՛ կրքոտ բանաստեղծություններում և թե՛ նույնքան կրքոտ գիտական գրքերում, անխոնջ ու ջերմեռանդորեն այդ մասին խոսում էր իր դասախոսություններում: Նրա փառքը տարածվեց Եվրոպայի շատ համալսարաններում։ Բայց եկեղեցականները չէին կամենում հաշտվել հանդուգն գիտնականի գոյության հետ։ Նրանք գտան մի ծախու մարդու, որը Բրունոյին բարեկամ ձևացավ և նրան ինկվիզիցիայի ծուղակը գցեց: Բրունոյին բանտ նետեցին։ Ութ տարի նա մնաց զնդանում։ Նրան մեկ տանջում ու ահաբեկում էին, մեկ համոզում հրաժարվել իր հայացքներից։ Բայց Բրունոյին հնարավոր չէր ո՛չ ահաբեկել, ո՛չ կաշառել, ո՛չ ընկճել։ Այդժամ նրան դատապարտեցին մահվան «առանց արյուն հեղելու»: Դա նշանակում էր խարույկ: Երբ դատի ժամանակ հայտարարեցին դատավճիռը, Ջորդանո Բրունոն արտասանեց դարերի խորքից մեզ հասած այս բառերը. «Այրել չի նշանակում հերքել»: Փետրվարյան վաղ մի առավոտ Հռոմում հնչեցին զանգերը: Նետաձիգների նրբանցքից դեպի Ծաղիկների հրապարակն էր շարժվում վանականների ծանրաքայլ թափորը։ Նրանք ռնգաձայն հոգեհանգստի աղոթքներ էին երգում: Վանականները մահապատժի էին տանում անվեհեր խռովարարին՝ գիտնական Ջորդանո Բրունոյին: Բրունոյի սխրանքը չի մոռացվել և երբեք չի մոռացվի այն, ինչ սովորեցնում էին Բրունոն, Կոպեռնիկոսն ու Գալիլեյը, հնարավոր չէր արգելել ու թաքցնել, որովհետև դա ինքը ճշմարտությունն էր, որը հետագայում հաստատվեց գիտության նորանոր նվաճումներով։

Բուժքույր

Մարտի թեժ պահն է: Պայթում են արկերը, երկինք են բարձրանում հողի հրեղեն լեռներ։ «Ուռա» բացականչություններով գրոհի են նետվում սովետական մարտիկները` պաշտպանելով հարազատ հողի յուրաքանչյուր մետրը: Գնդակից խոցված ընկնում է առաջին մարտիկը, երկրորդը: Մինչդեռ ընկերները պետք է առաջ գնան, թշնամուն դուրս քշեն հայրենիքի սահմաններից։ Իսկ կռվի դաշտում վիրավորներն այդպես, առանց օգնության, պառկած չեն մնում: Ռազմաճակատի բոլոր հատվածներում մարտիկների ետևից գնում են բժիշկները` բուժքույրերը, սանիտարները: Ահա տնքալով ընկավ վիրավոր ռազմիկը: Եվ անմիջապես սողեսող նրան է մոտենում բուժքույրը, կապում վիրավորի վերքերը, ջուր տալիս խմելու, հետո ճարպկորեն գրկում է զինվորին և իր ծանր բեռով, դարձյալ սողեսող, շարժվում դեպի դաշտային հիվանդանոց: Այստեղ վիրավորին ցույց են տալիս անհրաժեշտ բժշկական օգնությունը, մշակում վերքը, վիրահատում, գիպսակապ դնում: Այստեղ էլ բուժքույրը բժշկի առաջին օգնականն է: Քանի-քանի վտանգավոր երթ է կատարում բուժքույրը մեկ օրվա ընթացքում,