Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսմունքի, Արեգակի շուրջը պետք է որ պտտվեն Երկիրն ու մյուս մոլորակները: Վերջապես, աստղադիտակով Ծիր Կաթինը դիտելիս երևաց, որ այն կազմված է անզեն աչքի համար անտեսանելի բազմաթիվ աստղերից: Գալիլեյի հայացքի առջև հառնեց աստղերի անեզր աշխարհը, որոնցից ամեն մեկը հեռավոր մի արեգակ է, նման մեր Արեգակին։ Ճշմարտանման էր դառնում նաև Ջորդանո Բրունոյի ուսմունքն այն մասին, թե հեռավոր աստղերի շուրջը պտտվում են բանական էակներով բնակեցված բազմաթիվ մոլորակներ։ Գալիլեյի հայտնագործությունները Կոպեռնիկոսի ուսմունքի համոզիչ, փորձի օգնությամբ հիմնավորված ապացույցներն էին: Դրանք խարխլում էին Արիստոտելի և Պտղոմեոսի` եկեղեցու ընդունած ուսմունքի հիմքերը, ըստ որի երկիրը տիեզերքի անշարժ կենտրոնն էր, իսկ երկինքն, իբր, ամենազոր աստվածների կացարանը: Կոպեռնիկոսի ուսմունքը եկեղեցականները հերետիկոսություն հայտարարեցին, բոլոր նրանց, ով տարածում և պաշտպանում էր այդ ուսմունքը, դաժան դատաստան էր սպառնում, բայց Գալիլեյը համարձակ պայքարում էր եկեղեցական խավարամոլության դեմ և շարունակում ապացուցել Կոպեռնիկոսի իրավացիությունը: Այնժամ 1633 թ եկեղեցականները դատի կանչեցին ծերունազարդ գիտնականին և տանջանքների սպառնալիքով հարկադրեցին ուրանալ իր հայացքները։ Բայց դա, անշուշտ, սոսկ ձևական ուրացում էր։ Գալիլեյը մնաց Կոպեռնիկոսի ուսմունքի համոզված կողմնակիցը։ Թեև մեծ գիտնականին տնային ցմահ կալանքի էին վերցրել և արգելել աստղագիտության վերաբերյալ որևէ գիրք հրատարակել, մեխանիկայի բնագավառի իր նոր հայտնագործություններով նա շարունակում էր աջակցել գիտության զարգացմանը: Չնայած եկեղեցականների բոլոր հալածանքներին, Գալիլեյն իրեն դրսևորեց որպես գիտական աշխարհայացքի հաղթանակի համար մղվող պայքարի ամենաականավոր մարտիկներից մեկը:

«Անհայտ աշխարհի նախաշեմին», այսպես է կոչվում Գալիլեո Գալիլեյի մասին պատմվածքը, որը դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում. Филиппов Л. А., Колумбы Вселенной, М., «Дет. лит.», 1970

Գաճաճ պետություններ

Եվրոպայում կան չորս պետություններ, որոնք միասին զբաղեցնում են ավելի փոքր տարածություն, քան միայն Մոսկվան: Այդ «գաճաճները» պահպանվել են այն ժամանակվանից, երբ գրեթե ողջ Եվրոպան կազմված էր այդպիսի մանր պետություններից: Այժմ նրանք շատ բանով կախման մեջ են իրենց ավելի ուժեղ հարևաններից և, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի իր դեմքը, իր առանձնահատկությունները: Պիրենեյան լեռների մեջ աննկատ ծվարել է փոքրիկ Անդորրան։ Անդորրան հանրապետություն է, ունի իր կառավարությունը, բայց երկրի համատեղ կառավարողներ են համարվում նաև Ֆրանսիայի պրեզիդենտը և Ուրխելի (Իսպանիա) եպիսկոպոսը: Անդորրայով է անցնում Իսպանիան Ֆրանսիային միացնող խճուղին: Ձյունապատ լեռները տարվա մեջ ութ ամիս անանցանելի են։ Իսկ ավելի ցածում, լեռնային հրաշալի արոտավայրերում, արածում են ոչխարները: Անդորրան հարևաններին վաճառում է բուրդ, պանիր և փայտածուխ: Բնակիչները խոսում են ֆրանսերեն և իսպաներեն։ Անդորրա են գալիս օտարերկրյա շատ զբոսաշրջիկներ: Գաճաճ պետություններից ամենափոքրը Մոնակոյի իշխանությունն է: Այն գտնվում է Ֆրանսիայի խնամակալության ներքո, և այստեղ ֆրանսերեն են խոսում։ Միջերկրական ծովի ափին գտնվող մեղմ կլիմայով և մերձարևադարձային հարուստ բուսականությամբ գեղատեսիլ այդ անկյունը վեր է ածվել թանկ առողջավայրի: Բայց ողջ աշխարհի հարուստներին Մոնակոն