Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպես կոփվեց և այնպիսի հաղթանակներ էր տանում Գայի հրամանատարությամբ գործող դիվիզիան, որ այն անվանեցին «երկաթյա»։ Սիմբիրսկ (այժմ՝ Ուլյանովսկ) քաղաքը, որ ծնվել է կոմունիստական կուսակցության և սովետական պետության հիմնադիր Վ. Ի. Լենինը, գտնվում էր սպիտակների ձեռքին: Քաղաքի ազատագրության համար ծանր մարտեր էին գնում։ Վերջապես թշնամին նահանջեց, «երկաթյա» դիվիզիան մտավ քաղաք: Գայը Վ. Վ. Կույբիշևի հետ հեռագիր ուղարկեց Վ. Ի. Լենինին, որն այդ ժամանակ վիրավորվել էր մահափորձի հետևանքով: Մեծ առաջնորդը բերկրանքով ընդունեց հայրենի քաղաքի ազատագրման լուրը և այդ հեռագիրն անվանեց բուժիչ հեռագիր: Մարտիկները շրջապատել էին սիրելի զորավարին և ուզում էին լսել նրա խոսքը: Գայը բարձրացավ ռազմակառքի վրա և սկսեց խոսել։ Նա անթերի գիտեր ռուսերենը, բայց մարտիկները նրան չէին հասկանում։ Գայը հուզմունքից հայերեն էր խոսում։ Երբ այդ մասին ասացին, նա մի պահ լռեց, ապա բարձրաձայն ասաց. -Ես հայ եմ, քաջե՛ր, որդին տառապած մի Ժողովրդի, որին դարեր շարունակ ուզել են ստրկացնել, ոչնչացնել, բայց նա զենք է վերցրել, բարձրացել իր անառիկ լեռներն ու կռվել իր հայրենիքը, իր պատիվը փրկելու համար։ Այստեղից հեռու է Հայաստանը, իմ չքնաղ, իմ վեհ հայրենիքը, բայց կգա օրը երբ «երկաթյա» դիվիզիան Վոլգայից կհասնի Արաքս: Սովետական իշխանության հաղթանակի շնորհիվ վերջնական կործանումից փրկվեց հայ ժողովուրդը։ Գայը դարձավ Սովետական Հայաստանի զինված ուժերի առաջին կոմիսարը և շատ զինվորական գործիչներ դաստիարակեց: Նա մի շարք զորամիավորումների հրամանատար է եղել։ Բազմիցս պարգևատրվել է պետական բարձրագույն շքանշաններով: Քաղաքացիական պատերազմի մասին շատ գրքեր ու պատմվածքներ է գրել: Նա միաժամանակ դասավանդել է Մ. Ֆրունզեի և Ն. Ժուկովսկու անվան ռազմական ակադեմիաներում: Գայի և նրա «երկաթյա» դիվիզիայի մարտիկների հիշատակին հուշարձան է կանգնեցված Ուլյանովսկում։ Նրա անունով են կոչվում բազմաթիվ դպրոցներ ՍՍՀՄ շատ քաղաքներում, այդ թվում նաև Երևանում, պիոներական դրուժինաներ, ջոկատներ, փողոցներ Երևանում, Նորքի սարալանջին, վեր է խոյանում Գայի հուշարձանը: Մ. Ֆրունզեի, Ս. Բուդյոննու, Վ. Չապաևի, Ս. Լազոյի և քաղաքացիական պատերազմի մյուս հերոսների կողքին անմար լույսով միշտ կշողշողա հայ ժողովրդի լեգենդար զավակ Գայի պայծառ անունը:

Գայդար Արկադի Պետրովիչ

Ողջ կյանքում նա չմոռացավ 302939 թիվը: Դա նրա առաջին հրացանի համարն էր, որ ձեռքն էր վերցրել դեռ դպրոցական եղած ժամանակ, մեր հեղափոխությունը թշնամիներից պաշտպանելու համար։ Արկադի Պետրովիչ Գոլիկովը, որին դուք ճանաչում եք որպես գրող Գայդար, ծնվել է Կուրսկից ոչ շատ հեռու գտնվող Լգով քաղաքում: Անչափահաս, իր տարիքի համեմատ բարձրահասակ պատանին, թաքցնելով իսկական տարիքը, կամավոր զինվորագրվեց կարմիր բանակին, կռվեց քաղաքացիական պատերազմի շատ ռազմաճակատներում և տասնվեց տարեկանում արդեն գնդի հրամանատար էր: Ծանր վիրավորվելուց հետո միայն նա հարկադրվեց հեռանալ մարտի դաշտից: Պանծալի հեղափոխական զորավար Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզեն Գայդարից հուսահատական մի նամակ ստացավ` իրեն կարմիր բանակում թողնելու խնդրանքով։