Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վնաս է տալիս: Բայց այդ նույն գայլը անտառում կամ տունդրայում ավելի հաճախ որսում է թույլ, հիվանդ կենդանիների, որովհետև դրանց բռնելն ավելի հեշտ է։ Հիվանդ կենդանիներին ոչնչացնելով՝ գայլն օգուտ է տալիս անտառին և նրա բնակիչներին։ Դրա համար նրան անտառի սանիտար են անվանում:

Բայց գայլը միայն հիվանդ կենդանիներին չէ, որ հետապնդում է։ Նրա ավարն են դառնում նաև այնպիսի վայրի կենդանիներ, որոնք բավականաչափ զգույշ, ճարպիկ ու խորամանկ չեն լինում կամ էլ իրենց ցեղակիցներին զիջում են ուժով ու քաշով: Ստացվում է, որ այն անտառում, ուր որս են անում գայլերը, ավելի հաճախ կարելի է հանդիպել ճարպիկ, արագաշարժ, ուժեղ և խորամանկ գազանների ու թռչունների:

Մի բանով էլ է գայլն օգնում անտառին: Եթե անտառում չափից շատ գազաններ ու թռչուններ բազմանան, սնունդը նրանց չի բավականացնի, նրանք քաղցած կմնան, վատ կաճեն ու կսկսեն հիվանդանալ: Թույլ թռչուններին և գազաններին ոչնչացնելով, գայլը մյուս կենդանիներին մի տեսակ «փրկում է» սովից, այլասերումից և հնարավոր հիվանդություններից։ Ահա թե ինչու գայլին անվանում են նաև վայրի կենդանիների պահապան-հովիվ, որովհետև նա, ասես, «հետևում է», որ գազաններն ու թռչունները ուժեղ և առողջ մեծանան:

Ինչպե՞ս վարվել հապա, ոչնչացնե՞լ գայլերին, թ՞ե պաշտպանության տակ առնել:

Այնտեղ, ուր գայլերը շատ են բազմանում և նրանց պատճառով տուժում են ոչխարի հոտերը, կովերի և ընտանի եղջերուների նախիրները, գայլերին սկսում են որսալ:

Իսկ այնտեղ, ուր գայլերն այնքան էլ շատ չեն և ամբողջ ժամանակ մնում են խուլ անտառում, նրանց հետ պետք է այլ կերպ վարվել։ Գայլը շատ խորամանկ և խելացի գազան է։ Նա արագ կռահում է, որ իրեն հետապնդում են, և երկար ժամանակով հեռանում է վտանգավոր վայրից։ Ուստի երբեմն պարզապես բավական է, ինչպես հարկն է վախեցնել գայլին:

Գայլը զգուշավոր կենդանի է: Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, ուր մեծանում են ձագուկները: Սպառնացող վտանգն զգալով՝ մայր գայլը կարող է ձագուկներին տեղափոխել մի այլ տեղ ու ապահով թաքցնել: Մինչև աշուն ձագուկները մեծանում են և մոր, հոր, ավագ եղբայրների ու քույրերի հետ դուրս գալիս ձմեռային արշավների։ Ձյան վրայի հետքերով որսորդներն անմիջապես իմանում են, թե երբ է անցել գայլերի ոհմակը, բայց շատ դժվար է լինում այդ արագաշարժ ու զգույշ ոհմակը գտնելը։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խուսափում են մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը: Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, իսկ շներին ճանկում հենց տների լուսամուտների տակ:


Գայլաձուկ

Գայլաձուկը Սովետական Միության տարածքում գտնվող գրեթե բոլոր ջրամբարներում հանդիպող խոշոր ձուկ է։ Նրա մարմնի երկարությունը հասնում է ավելի քան 1,5 մ-ի, քաշը կարող է լինել 35 կգ-ից ավելի:

Շատ լեգենդներ են հյուսվել գայլաձկան արտասովոր երկարակեցության շուրջ, բայց իրականում նա ապրում է ամենաշատը 20 տարի: Եղել է նաև երեսուներեք տարեկան գայլաձուկ որսալու դեպք:

Սովորաբար գայլաձուկը կշռում է 6-8 կգ: Հավանաբար, կհամաձայնեք, որ նման ձուկն էլ փոքր չէ, և նա պետք է շատ սնունդ հայթայթի։ Դրա համար էլ գայլաձուկը որս է անում օրեր շարունակ: Սակայն նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում,