Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավորականների հետ: Նրա «Թշվառներ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպերը դեռևս նրա կենդանության օրոք թարգմանվել են հայերեն և ձոնվել հեղինակին: «Թշվառների» թարգմանիչ Գր. Չիլինկիրյանին հղած պատասխան նամակում Վ. Հյուգոն գրում է. «Ձեր հիանալի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում, այնտեղ տեսնում անցյալի խորհրդավոր նշույլի շողշողալը։

Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելս: Երախտագիտությամբ եմ ընդունում ձեր ազնիվ ձոնը և շնորհակալություն հայտնում»։

Կարող եք կարդալ հետևյալ գիրքը
Հյուգո Վ., Գավրոշ, Ե., «Հայպետհրատ», 1932:


Գարիբալդի Ջուզեպպե

1807-1882

«Երկու կիսագնդերի հերոս», «ավազակ»՝ ասում էին միևնույն մարդու մասին: Ծնվել է նա Նիցցա քաղաքում ծովայինի ընտանիքում։ Տասներեք տարեկանում Ջուզեպպեն ծով է դուրս գալիս որպես նավի փոքրավոր (յունգա), քսանհինգ տարեկանում դառնում նավապետ: Բայց այդ արևախանձ շիկահեր նավապետին մտահոգում էին բնավ էլ ոչ իր նավի բեռներն ու կատաղի փոթորիկները, այլ հարազատ երկրի ճակատագիրը:

Այն ժամանակ Իտալիան միասնական երկիր չէր, ինչպես այժմ, այլ կազմված էր առանձին մանր թագավորություններից և իշխանություններից, իսկ նրա մեծ մասը գրավել էին ավստրիացիները։ Նվաճողների դեմ այս ու այնտեղ կազմակերպվում էին գաղտնի դավադրություններ, բռնկում ապստամբություններ։

1834 թ, ձմեռն էր: Ջենովա նավահանգստային հինավուրց քաղաքի փողոցներում ավստրիական զինվորները մահապատժի էին տանում հերթական ձախողված ապստամբության մասնակիցներին: Բայց ապստամբների անվեհեր առաջնորդը՝ նավապետ Ջուզեպպե Գարիբալդին, նրանց մեջ չէր: Նա կարողացել էր խույս տալ և մեկնել Հարավային Ամերիկա, և նրան մահվան դատապարտեցին հեռակա կարգով:

Տասնչորս տարի անց Գարիբալդին, որ արդեն փառաբանված զորավար էր, հարավամերիկյան հանրապետությունների անկախության համար պայքարող մարտիկ, նորից ոտք դրեց հայրենի հող: Նրա հետ էին 63 հավատարիմ մարտական ընկերները՝ նույնպիսի վտարանդի հեղափոխականներ։ Նոր արյունահեղ մարտեր էին սպասում նրանց հանուն հարազատ երկրի միավորման և ազատության: Իտալիայի ողջ ժողովուրդը զենք վերցրեց:

Այդ ծանր պայքարը տևեց համարյա 20 տարի։ Գարիբալդիի անունը դեպի նա էր ձգում հեղափոխությանը նվիրված երիտասարդներին: Մարտում պարտվելիս անգամ գարիբալդիականներն իրենց հաղթված չէին համարում։ Իսկ երբ գոտեմարտի մեջ ներխուժում էր ինքը՝ Գարիբալդին, բարձրահասակ, լայնեզր գլխարկով, կարմիր վերնաշապիկով և ուսերին ծածանվող մեքսիկական գորշ թիկնոցով մորուքավոր այդ հեծյալը, հակառակորդին սնոտի սարսափն էր պատում։

Գարիբալդին ավստրիացիների դեմ մի քանի փայլուն հաղթանակ տարավ: Ազատագրված էր գրեթե ողջ Իտալիան։

Բայց Հարավային Իտալիան և Սիցիլիա կղզին դեռևս Նեապոլի թագավորի իշխանության տակ էին: Սիցիլիայի ժողովուրդն ապստամբեց թագավորական իշխանության դեմ։ Գարիբալդին օգնության շտապեց սիցիլիացիներին: Թշնամու նավերից արձակվող գնդակների տարափի տակ նա իր հազար կամավորներով ափ իջավ լեռնոտ Սիցիլիայում։ Ողջ աշխարհն էր հետևում ասես մահվան դատապարտված այդ կտրիճների գործողություններին: Ինչպես ամենուրեք, Սիցիլիայի հասարակ ժողովուրդը ևս խանդավառությամբ էր դիմավորում Գարիբալդիին, միանում նրա ջոկատին: Թագավորն արտաքսվեց Սիցիլիայից, իսկ հետո նաև Հարավային Իտալիայից:

Գարիբալդին երազում էր Իտալիայի միավորման, իտալական հանրապետության ստեղծման մասին: Իտալիան միավորված էր, բայց նոր կազմավորված իտալական պետությունը հանրապետություն չէր: Եվ Գարիբալդին դառնությամբ էր դա խոստովանում:

Ջուզեպպե Գարիբալդիի անսահման խիզախ և անշահախնդիր մարդու, անունը դարձել է հայրենիքի, ազատության և արդարության հանդեպ տածած սիրո խորհրդանիշ:

Գարիբալդիի ծավալած ազատագրական պայքարին ոգևորված հետևում էին Միքայել Նալբանդյանն ու հայ առաջադեմ այլ գործիչներ։