Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստուդիաներ, մանկական ֆիլհարմոնիա և այլն:

Այսօր կենտրոն են հաճախում 4—16 տարեկան 1000-ից ավելի երեխաներ։

Դեկորատիվ-կիրառական և կերպարվեստի ստուդիայի 11 արվեստանոցների 50-ից ավելի խմբերում երեխաներին ուսուցանում են արվեստի տարբեր ձևեր ու տեսակներ՝ գեղանկարչություն, քանդակ, գծանկարչություն (գրաֆիկա), փայտի, քարի, մետաղի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գորգագործություն, կարպետագործություն, գոբելենի մանվածք, ձեռագործ, ժանեկագործություն, դիզայն:

Թատերական ստուդիայում գործում են դրամատիկ, տիկնիկային, մնջախաղի ստվերների խաղի, մեկ դերասանի, պոեզիայի, երաժշտական թատրոնի խմբեր: Երեխաները հաճույքով հաճախում են ֆիլհարմոնիայում գործող հայկական ժողովրդական երգ ու պարի ազգագրական խմբերը։ Շուտով դրանց շարքը կհամալրեն նաև կամերային նվագախումբը, տղաների ու խառը կազմով երգչախմբեր:

Կենտրոնը վերջերս կրկին դիմեց «Բոլորին, բոլորին» կոչով, բայց այս անգամ լուսանկարչական արվեստ և կինոարվեստ սիրող մանուկներին:

Այո՛, երեխաները պետք է իրենք փորձեն նկարահանել, փորձեն ստեղծել մուլտիպլիկացիոն, վավերագրական, գեղարվեստական կինոնկարներ: Այսօր Կենտրոնի շուրջը համախմբված երեխաները իրենց առաջին քայլերն են անում մեծ արվեստում՝ նկարում են, քանդակում, պարում, երգում, նկարահանում:

Նրանց ձեռքին է գեղեցիկը հայտնաբերելու կախարդական բանալին:

Եթե ուզում եք այդ ամենը տեսնել, այցելեք Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն՝ դեռ հեռվից իր հետաքրքիր ցուցափեղկերով ուշադրություն գրավող այն շենքը, որը գտնվում է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման տեղում:

Գեղանկարչություն

Եգիպտոսում գիտնականները գտել են գրեթե երկու հազար տարի առաջ ապրած մարդկանց դիմանկարներ։ Հին աշխարհի գեղանկարիչը նկարել է դրանք վառ գույնի ներկերով տախտակի վրա և այնքան հրաշալի, որ սևահեր, թխամորթ, ցոլուն աչքերով մարդիկ թվում են կենդանի կանգնած քո առջև:

Գեղանկարչությունը ներկերով նկարելու այն արվեստն է, երբ նկարչի պատկերածը հուզում է մեզ այնպես, ինչպես կհուզեր իրական կյանքում։ Նկարիչը գույների և գծերի զուգորդությամբ վերարտադրում է մարդկային դեմքի արտահայտությունն ու խաղերը, լույսի շողն ու ստվերը: Լավ նկարը միշտ էլ մեր մեջ որևէ տրամադրություն է առաջացնում՝ ուրախ, եթե գույները պայծառ ու տոնական են, թախծոտ, եթե նկարիչը պատմում է ինչ–որ տխուր բանի մասին և նրա վրձինը ներկապնակի վրա խառնում ու կտավին է հանձնում մուգ, մռայլ գույներ:

Գեղանկարիչն իր տեսած ամեն բանը չէ, որ անխտիր նկարում է: Նա ձգտում է մեր առջև բանալ կյանքի դյութիչ պատկերները, բարձրաբերձ լեռների վեհ գեղեցկությունը, փոթորկոտ ծովի ահարկու ուժը, ծաղիկների նրբին գույները, փորձում արտահայտել, նույնիսկ, մարդկային զգացմունքների ողջ խորությունը: