Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նկարիչ Լ Այվազովսկին): Նրա «Արագոնյան խոտա» և «Գիշերը Մադրիդում» գործերը վառ ու հրապուրիչ երաժշտական պատկերների միջոցով պատմում են Իսպանիայի մասին: Գլինկան սիրում էր երաժշտություն հորինել ամենանրբազգաց «գործիքի»՝ մարդկային ձայնի համար: Նա շատ երգեր ու ռոմանսներ է գրել Պուշկինի բանաստեղծությունների տեքստերով: Ռուսական առաջին օպերան` «Իվան Սուսանին»–ը, Գլինկան է ստեղծել։ Այս օպերան պատմում է հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած ռուս գեղջուկի սխրանքի մասին։ Առաջին անգամ թատերաբեմ ելավ հասարակ գյուղացին, օպերայում հնչեցին սրտառուչ, իրապես ժողովրդական մեղեդիներ։ Առհասարակ Գլինկայի ողջ երաժշտությունն առլեցուն է ռուսական ժողովրդական երգերի ու պարերի հյութեղությամբ ու գունագեղությամբ: Այդ երգերի ու պարերի ճոխ, գեղեցիկ և անզուսպ շռինդով լի երաժշտությունն ունկնդրի հոգուն հասցնելու համար Գլինկան օգտագործում էր ամբողջ նվագախմբի հնչողությունը` նրբին ջութակներից ու ֆլեյտաներից մինչև փողային ու հարվածային ամենահզոր նվագարանները: «Իվան Սուսանին» օպերայի «Փառաբանվիր» խմբերգի երաժշտությունը հանդիսավոր արարողություններին հաճախ է հնչում: Միխայիլ Իվանովիչը հեքիաթներ շատ էր սիրում և «հեքիաթային» երաժշտություն էլ է ստեղծել։ Եթե երբևէ լսեք նրա «Ռուսլան և Լյուդմիլա» օպերան, երբեք չեք մոռանա այդ գերող օպերայի կախարդական հերոսներին պատկերող երաժշտությունը։ Մ. Ի. Գլինկան իր երաժշտության մեջ կարողացել է արտահայտել ռուս ժողովրդի լուսավոր, կենսուրախ բնավորությունը։ Լսեք նրա «Կամարինյանը» և կհամոզվեք, որ այդպես է: Գլինկայից է սկսվել ռուսական երաժշտության ծաղկումը: Նա ռուս կոմպոզիտորներից առաջինն էր, որ հայտնի դարձավ աշխարհին:

Գլխուղեղ

Դուք նայում եք ձեր շուրջն ու տեսնում առարկաներ, մարդիկ: Դուք կարդում եք, գրում: Ենթարկվելով սեփական ցանկությանը` բացում եք գրապահարանն ու գիրք հանում կամ գնդակն այնպես եք նետում, որ հասնի ուղիղ նպատակակետին: Եվ այդ բոլորն անում եք այնպես, ինչպես մտածել էիք։ Առանց դժվարության մտաբերում եք, թե որտեղ եք եղել երեկ կամ էլ պատկերացնում եք այն կենդանաբանական այգին, ուր այցելել էիք անցյալ ամռանը: Դուք վարժություն կամ խնդիր եք վճռում: Այս ամենը ձեզ համար սովորական և դյուրին գործ է: Բայց երբևէ մտածե՞լ եք, արդյոք, թե ինչպես է, որ մենք ընկալում ենք շրջապատը: Ինչպես է, որ հիշում ենք, մտածում։ Ինչպես ենք կարողանում ղեկավարել մեր շարժումները։ Մարմնի ո՞ր օրգանն է կատարում այդ ամբողջ աշխատանքը: Այդ ամենը կառավարում է մեր գլխուղեղը` մարմնի կարևորագույն օրգանը: Կենդանիների գլխուղեղը փոքր է: Ձկներինը երբեմն ցորենահատիկի չափ է լինում: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է: Մարդու գլխուղեղը մի մեծ և բարդ «ապարատ» է, որը մեզ հնարավորություն է ընձեռում ընկալելու շրջապատող աշխարհը, շարժումներ կատարելու, հիշողության մեջ պահելու այն ամենը, ինչ մենք տեսել և արել ենք։ Այն կառավարում է մարդու խոսքը, մարդու միտքը: Մարդու գլխուղեղը կազմված է հսկայաթիվ նյարդային բջիջներից: Գլխուղեղն ամփոփող գորշ նյութի շերտում միայն կա 14 միլիարդ այդպիսի բջիջ: Նյարդային ամեն մի բջիջ ընկալում է մարդուն հասնող ազդանշանները։ Բջիջների