Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գծանկարչություն (Գրաֆիկա)

Հիշեցեք ձեր առաջին նկարները, որ նկարում էիք մատիտով, թանաքով, ջրաներկով և գրեթե միշտ թղթի վրա։ Դուք չէիք էլ մտածում, անշուշտ, որ զբաղված եք գծանկարչությամբ։ Գծանկարչությունը թղթի վրա արված գծանկարն է, որը լինում է, սովորաբար, սև-սպիտակ, առանձին դեպքերում գունավոր: Գծանկարչության (գրաֆիկայի) դուք հանդիպում եք ամեն քայլափոխի. գրաֆիկական ստեղծագործություններ են թե՛ թերթի ծաղրանկարներ ու գրքի պատկերները, թե՛ փողոցում փակցված պլակատները, թե՛ դրոշմանիշներն ու դրամանիշները, թե՛ ապրանքների, փաթեթների վրա արված մակագրությունները և թե՛, վերջապես, այն գծանկարները, որ կախված են ցուցասրահներում, թանգարաններում, տանը, դպրոցում և այլ վայրերում: Սովորաբար նկարիչը ստեղծում է մատիտով, ածուխով, տուշով, իսկ որոշ դեպքերում` գունավոր մատիտներով կամ ջրաներկով արված գծանկարի մեկ օրինակ: Գրքերում կամ հանդեսներում եղած նրա բազմաթիվ կրկնօրինակները պատրաստվում են տպարանում, հատուկ գործիքների և մեքենաների օգնությամբ։ Բայց նկարիչն ինքն էլ կարող է այն վերարտադրել: Նկարիչը դանակով, դուրով կամ հատուկ գործիքով` փորիչով, նկարը միշտ հակառակ՝ «հայելային» պատկերով փորագրում է փայտի, լինոլեումի, մետաղի վրա կամ էլ վիմագրական հատուկ քարի, պղնձի կամ ցինկի թիթեղիկի մակերևույթը նախապես ծածկում է հատուկ լաքով և այդ մակերևույթի վրա ասեղի խազերով վերարտադրում նկարը, ապա այն խածատում թթվով: Այնուհետև, այդ նկարին գլանիկով ներկ քսելով, ստանում է ցանկացած քանակությամբ դրոշմանկար օրինակներ։ Տախտակից և մետաղե թիթեղիկից արված դրոշմանկարները, ինչպես նաև նկարի վերարտադրության այդ եղանակը կոչվում են փորագրություն, իսկ վիմագրական քարից արված դրոշմանկարները` վիմագրություն: Գծանկարչությունը կերպարվեստի հին տեսակ է: Քարանձավների պատերին հնագույն նկարիչների թողած նկարները, հին հունական սկահակների պատկերներն ու գծանկարները, վերակավոր վարպետների փորագրություններն ու գծանկարները գրաֆիկական հիասքանչ ստեղծագործություններ են: Հայաստանի տարածքում գծանկարչության ամենահին նմուշներից են Արագած լեռան վրա, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր պահպանված ժայռապատկրները: Իսկ հին և միջին դարերից մեզ հայտնի են որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձաներ, որոնք վկայում են, թե ինչպիսի կատարելության էր հասել այն ժամանակ հայկական գծանկարչությունը։ Հետագայում գծանկարչությունը նոր վերելք ապրեց Հովնաթանյանների, ապա Հ. Այվազովսկու, Վ. Սուրենանցի, Եղիշե Թադևոսյանի Մ. Սարյանի արվեստով: Այսօր գծանկարչական արվեստը գեղանկարչության և քանդակագործության հետ միասին այնքան բազմազան է դարձել, որ առանց նրա արդեն անհնարին է պատկերացնել մեր կյանքը: Բացեք ուզած մանկական գիրքը և այնտեղ կգտնեք