Լավ դետեկտիվ ընթերցելը շատ հետաքրքիր է: Ակամա քեզ պատկերացնում ես ամենախճճված հանցագործություններ բացահայտողի դերում, ջանում ինքդ քո մեջ էլ դաստիարակել խիզախություն, դիտողականություն, տրամաբանորեն մտածելու կարողություն: Բայց այս հիանալի հատկանիշները կարող են ծառայել տարբեր նպատակների։ Զուր չէ, որ արտասահմանյան դետեկտիվ գրականությունը երբեմն ստեղծում և գովերգում է կապիտալիստներին ծառայող խուզարկուների: Երեխաներից ոմանք այնքան են տարվում դետեկտիվներով, որ ուրիշ գրքեր այլևս չեն կարդում և նույնիսկ չեն էլ ուզում լսել դրանց մասին: Եվ դա անշուշտ աղքատացնում է այդպիսի վայ-ընթերցողների հոգևոր աշխարհը։
Դիլիջան
Ռուս նշանավոր ճանապարհորդ Դ. Լ. Մարդովցևը, որ եղել էր աշխարհի շատ երկրներում, 1882 թ. Արարատ լեռը բարձրանալու նպատակով անցել է Աղստև գետի հովտով և հիացական տողեր գրել Դիլիջանի մասին: Նա նշել է, որ Դիլիջանի հովիտը իր գեղեցկությամբ չի զիջում աշխարհի այնպիսի գեղեցիկ անկյունների, ինչպիսին են Թերեքի ու Արագվիի հովիտները, Ռազմավիրական ճանապարհը, Բոսֆորը, Մարմարա ծովի Ղրիմի ափերը, Միջերկրական ծովի և Գանգես ու Ամազոն գետերի գեղածիծաղ ափերը: «Որչափ խորանաս հովտի մեջ, այնչափ ավելի կգեղեցկանա, մեծաշուք է դառնում ճոխ բուսականությունը, այն աստիճանի է ծառերի մեծությունը, որ չես հավատա, թե հեռու ես հասարակածից և Գանգես ու Ամազոն գետերի ափերից»:
Դիլիջանը առողջարանային կանաչ քաղաք է, տարածված Աղստևի հովտի արևմտյան մասում, շրջափակված Փամբակի և Բազումի լեռնաշղթաներով: Այն իրավամբ անվանել են լեռնային Հայաստանի մարգարիտը։ Հիանալի է Դիլիջանի բնությունը: Կլիման ամռանը զով է, ձմռանը՝ մեղմ: Դիլիջանի մասին հիացմունքով են խոսել Մաքսիմ Գորկին ու ֆրանսիացի նշանավոր գրող Անրի Բարբյուսը: Դիլիջանի բնության գրկում է գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական համամիութենական տունը, որտեղ հանգստացել ու ստեղծագործել են Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենը, ամերիկացի տաղանդավոր նկարիչ Ռոքուել Քենտը, գերմանացի գրող Աննա Զեգերսը, աշխարհում առաջին կին տիեզերագնաց-օդաչու, Սովետական Միության հերոս Վալենտինա Տերեշկովան և շատ ուրիշներ:
Հեղափոխական անցյալ ունի Դիլիջանը: 1917 թ. գիմնազիայի մի խումբ ուսուցիչների նախաձեռնությամբ Դիլիջանում ստեղծվում է կոմունիստական առաջին ընդհատակյա բջիջը: 1920 թ. այստեղ կազմակերպված բոլշևիկյան «Սպարտակ» ընդհատակյա երիտասարդական կազմակերպությունը վառ ու անմոռաց էջեր է թողել Դիլիջանի պատմության մեջ:
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո միայն լայն հնարավորություններ ստեղծվեցին Դիլիջանի զարգացման համար։ Կառուցվեցին «Իմպուլս», կաթի, հացի, հանքային ջրերի գործարանները, ճկած կահույքի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, տպարան: Նախասովետական Դիլիջանում եղած մեկ գիմնազիայի և մեկ ծխական դպրոցի փոխարեն այժմ գործում են բազմաթիվ հանրակրթական, գիշերօթիկ, երաժշտական, նկարչական, մարզական դպրոցներ, ռադիոտեխնիկում, բժշկական և պրոֆտեխնիկական ուսումնարաններ: Կան գրադարաններ, ակումբներ, մանկապարտեզներ, առողջարաններ, հանգստյան տներ, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղը: Երկրագիտական թանգարանը, որն ունի իր պատկերասրահը, քաղաքի մշակութային կենտրոններից է: Պատկերասրահի հարստությունն են կազմում Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Գևորգ Բաշինջաղյանի և մեծանուն այլ արվեստագետների շատ գործեր։